Հայաստանի երեք նախագահները կապ չունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲԿՀ) հետ և չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքական դաշտ: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հայտնեց, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
Ծառուկյանը վստահեցրեց՝ իրենք դեմ չեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: «Եթե ժողովուրդն ուզում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում», - ասաց նա:
«Պարոն վարչապետը ասել ա՝ պատրաստ են քննարկման, որ պետք է գան քննարկեն, մենք էլ ենք պատրաստ, մենք ասել ենք՝ ժողովրդի հետ ենք, պատրաստ ենք քննարկման», - ասաց ԲՀԿ առաջնորդը:
Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների անցկացման համար նշել է այս տարվա դեկտեմբեր ամիսը, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց․ - «Մենք, ասենք թե, էսօր իրա կողքին էղել ենք, կանք, այսինքս՝ մենք կանք մեր պետության, մեր ժողովրդի կողքին, պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, նորից եմ ես ասում, այդպիսի հարց չկա, որ մենք ինչ-որ ուզում ենք խանգարենք կամ եսիմ ինչ անենք»:
«Նիկոլ Փաշինյանը ասում է՝ ժողովուրդը ուզում է դեկտեմբերին», - ի պատասխան այս դիտարկման՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց․ - «Ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին՝ եթե ժողովուրդը ուզում ա, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում: Մենք, ասենք թե, էսօր այդպիսի խնդիր չունենք ժողովրդի հետ: Ես ինչի՞ համար եմ չարչարվում, անում՝ ժողովրդի՛ համար, ես ապահովված մարդ եմ, խնդիր չունեմ՝ ո՛չ պաշտոնի, ո՛չ, ասենք թե, գումար վաստակելու, այլ ամեն ինչն էլ ուզում եմ լավ լինի, որ էսօր էդ հնարավորությունը, ծանոթությունը օգտագործենք, իրականացնենք, զարգացնենք, ծաղկացնենք, դա ա ուզածը: Իմ ժողովրդի ցանկությունից մի քայլ հետ գնացող չկա»:
«Ես հենց նոր ինքնաթիռից իջել եմ, հենց նոր ինքնաթիռից իջել եմ, տեսնելով էս մտահոգությունը ժողովրդի, հակահեղափոխական․․․ տո հակահեղափոխական, հեղափոխություն արինք, պրծանք, հակահեղափոխական չի կարա լինի, ամոթ ա: Մարդիկ եթե ցայտնոտի մեջ են ընկնում, ուրեմն՝ իրանց հետին մտքերից են ընկնում, ես պարզ ասեմ, ես պարզ ու մաքուր եմ», - ասաց Ծառուկյանը՝ շարունակելով․ - «Այլ կազմակերպել եմ, որ պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, ով հանդիպում չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Թարմացնելու ենք, կյանքը շարժվում ա, մենք չենք կարա ձեռներս ծալենք, մյուսների պես, նստենք սպասենք: Մենք ապրում ենք: Ես ինձ լավ եմ զգում, որ իմ երկիրը հզոր ա, որ իմ ժողովուրդը զարգանում ա, ժպիտ կա դեմքներին»:
«Այսինքն, դուք հանդիպելու եք այն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հե՞տ», - այս հարցին ԲՀԿ առաջնորդը պատասխանեց․ - «Իհարկե, ես իմ համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ, իմ թիմակիցների հետ նախապատրաստական աշխատանքներ եմ կատարելու խորհրդարանական ընտրությունների համար, իհարկե: Իրանց ցավն էլ տանեմ, ով կտա իրա ձայնը՝ կտա, ով էլ չի տա՝ էլի իրա ցավը տանեմ, ում հետ հույս ա կապում․․․ Ես ասում եմ՝ իրանք էլ ում հետ հույս են կապում, պարտավոր են պահանջելու»:
Դիտարկմանը՝ «այսինքն, դուք հակահեղափոխությանը չեք միացել, Հանրապետականի հետ չեք համագործակցելու», Ծառուկյանը արձագանքեց․ - «Է՜, լավ, դուք գիտեք, չէ՞, օրինակ, 15 թվականին ինչ կատարվեց: Էլ ո՞նց դրանից հետո: Ի՞նչն էր պատճառը՝ որ ես իմ ժողովրդի կողքին եմ եղել, իրենց պաշտոնները, ասածները չեմ համաձայնվել, և տեսաք ինչ կատարվեց: Գոնե չի կարելի, հասկանում ե՞ք, մարդուն անտեղի տեղը ինչ-որ բաներ ասելու, բաներ վերագրելու: 15 թվականին իմ տեղը ո՞վ կարար դիմանար»:
«Փաստացի դուք այլևս կոալիցիայի մաս չենք, հիմա ձեր քաղաքական դիրքորոշումը և աշխատանքի ձևը ինչպիսի՞ն է լինելու», - այս հարցին ԲՀԿ առաջնորդը պատասխանեց․ - «Ուրեմն՝ նույնը, ավելի ուժեղ, ես, ասենք թե, էսօր հեղափոխության կողմնակիցն եմ, իմ ժողովրդի կողմնակիցն եմ էղել և այսօր ասում եմ ավելի շատ եմ անելու: Իմ ուզածը՝ որ նրանց դեմքին ժպիտի լինի, ու իրենց էն ժպիտը իմ ժողովրդի, որ հեղափոխությունից հետո էղել ա, ես առաջին օրն եմ ասել, մեր ուզածը՝ որ դա միշտ այդ ժպիտը լինի: Ոչ թե ժպիտը լինի, էդ հույսով-հավատով, մարի, ես ուզում եմ՝ այդ ժպիտը հարատև լինի: Ոչ թե մենք կարանք մեր ժողովրդին խոսքերով, ասելով կերակրենք-պահենք, դա թող տևի վեց ամիս, մի տարի էլ տևի, բայց այդ ժողովուրդը ամեն ինչը տեսնում ա: Պետք է քայլ քայլի հետ քայլեր կատարվեն, որ ժողովուրդը դա իր առօրյայում, ապրելակերպում, երկրի հզորացման, տնտեսության զարգացման և իր ապրելակերպի մեջ դա զգա»:
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:
Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Հանրահավաքում ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:
Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել: