Անիում շաբաթներ շարունակվող լարված իրավիճակն այսօր է՛լ ավելի էր թեժացել: Շիրակի մարզի խոշորացված համայնքում միանգամից երկու բողոքի ակցիա էր ընթանում: Չորրորդ օրն է՝ փակ է համայնքապետարանի շենքի մուտքը՝ հանրապետական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Այսօր էլ Գևորգյանի կողմնակիցներն էին որոշել բողոքի ակցիայի դուրս գալ՝ փակելով Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:
«Փակ է մնալու, մինչև չբացվի համայնքապետարանի դռները: Կփակենք նաև երկաթուղին, Արմավիր-Գյումրի ճանապարհը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ցուցարարներից մեկը:
Համայնքապետարանի մոտ հավաքվածներն էլ ասում են, որ շենքի մուտքը կբացվի երկու դեպքում․ - «Մեկը՝ պետությունից եկած, օրինական, մեր պահանջներին համապատասխանող աուդիտի առաջ, և իր հրաժարականից հետո՝ ժամանակավոր պաշտոնակատարի առաջ»:
Հավաքվածները նկատեցին՝ եկան այն ժամանակները, երբ հանրապետականներն են ճանապարհ փակում: «Մենք խոստացել էինք Գևորգյան Արտակին, որ «գալու է ժամանակ, որ դո՛ւ ես փակելու էդ ճանապարհը»: Էն ժամանակ, երբ բոլորը դառել էին իրավագետներ, իրավաբաններ, թե՝ «մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն եք խախտում», չգիտեմ, նման կարգախոսներով հանդես էին գալիս, մենք էդ ժամանակ հենց խոստացանք, որ «մենք ձեր համար բերելու ենք էն օրը, որ դո՛ւք սկսեք ճանապարհ փակելը»: Մենք մեր խոսքի տերը եղանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Անիում գտնվող ոստիկանները պատ էին կազմել, որ իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների միջև բախում տեղի չունենար: Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը կողմերին առաջարկեց սեղանի շուրջ բանակցել: Բայց Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողներն ասում են, թե բանակցելու ոչինչ չունեն: «Բանակցելու, ինչ-որ տեղ փոխզիջման գնալու տեղ գևորգյանական հանցագործ համակարգը չի թողել, չկա: Ոչ մի դեպքում», «Բանակցություն չի կարող լինել: Բանակցությունը մեկն է՝ լինի իր հրաժարականը», - ասում էին նրանք:
Փոխմարզպետը շուրջ երկու ժամ առանձին բանակցեց համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ: «Ազատության» հարցին, թե ինչի՞ շուրջ էին բանակցում, Մելիքջանյանը արձագանքեց․ - «Մենք քննարկել ենք մեկ հարց՝ դա եղել է միջպետական ճանապարհի բացման հարցը և համայնքում տիրող իրավիճակում հարավորինս ճիշտ լուծում գտնելու հարցը: Էս պարագայում իմ կողմից կոնկրետ հորդորվել է, որպեսզի որևէ կերպ աշխատակիցների կողմից միջպետական ճանապարհը չփակվի, և նմանատիպ կերպով հարցը չի լուծվում: Եվ ասել ենք, որ մենք բանակցել ենք նաև մյուս կողմի հետ, որպեսզի համայնքապետարանի աշխատողները և ծառայության աշխատակիցները հնարավորություն ունենան առավոտյան իրենց աշխատանքը կազմակերպել»:
«Իսկ հրաժարականի հարց քննարկվե՞լ է», - այս հարցին էլ փոխմարզպետը պատասխանեց․ - «Հրաժարականի հարցը էսպես է՝ ես չեմ կարող իրեն ասել, որ ինքը հրաժարական տա թե չէ, որովհետև մեր լիազորությունների շրջանակներում չէ․ համայնքի ղեկավարը ինքն է որոշելու՝ տալիս է հրաժարական, թե չի տալիս»:
Մելիքջանյանը Գևորգյանին առաջարկեց առաջնորդվել վարչապետի հորդորով՝ հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին: Սակայն հանրապետական Արտակ Գևորգյանը կտրականապես մերժում է այդ տարբերակը՝ պնդելով, թե չի պատրաստվում կատարել «մի քանի հոգու» պահանջը: