Մատչելիության հղումներ

Չապլինի դստեր ու թոռնուհու թատերախումբը Երևանում ներկայացնում է համաշխարհային պրեմիերա


Թատերական գործիչների միության նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են աշխարհահռակ Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին՝ Վիկտորիա Թիերե Չապլինը և Աուրելիա Թիերե Չապլինն իրենց թատերախմբով:

«Ղողանջ և պատրանք» խորագրով նրանց բեմադրած ներկայացման համաշխարհային պրեմերան է տեղի ունենում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

67-ամյա Վիկտորիա Չապլինը ծնվել է Միացյալ Նահանգներում, բայց մեծացել է Շվեյցարիայում: Պատանեկության տարիներին մուտք է գործել կինոյի աշխարհ, նկարահանվել հոր՝ Չարլի Չապլինի վերջին ֆիլմում, հետո զբաղվել է կրկեսային բեմադրություններով: Հետագայում ամուսնացել է ֆրանսիացի հայտնի կրկեսային դերասան Ժան Բատիստ Տիերեի հետ՝ բնակություն հաստատելով Ֆրանսիայում, որտեղ էլ ամուսնու հետ կրկեսային թատերախումբ են հիմնադրել և հանդես եկել իրենց իսկ հեղինակած բեմադրություններով: Դրանք չափազանց հայտնի են եվրոպական մի շարք երկրներում իրենց պարային, երաժշտական և չափազանց գունեղ ձևավորումներով:

«Ազատության» հետ հարցազրույցում Վիկտորիա Չապլինն ասաց, որ չափազանց տպավորված է Հայաստան այցելությամբ: Ասաց, որ փոքրիշատե է ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, բայց այս այցը առիթ է, որ Փարիզ վերադարձից հետո Հայաստանի արվեստի ու մշակույթի, նաև պատմության մասին ավելի շատ կարդա:

Զարմացած է, թե որքան սիրված է այստեղ իր հայրը՝ Չարլի Չապլինը․ - «Հասկացել եմ, թե որքան սիրված է նա Հայաստանում: Ուղղակի ֆանտաստիկ է»:

Ափսոսում էր, որ հայրը երբևէ չի եղել Հայաստանում․ - «Մենք էլ երկար ժամանակով չենք եկել, քանի որ անընդմեջ հյուրախաղեր ունենք: Մենք հուսով ենք, որ կրկին կգանք, հուսով ենք, որ կրկին կհրավիրեն»:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը
«Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ այս թատերախմբի հետ կապը ստեղծվել է դեռ 10 տարի առաջ, և մտադրություն կար նրանց հրավիրելու և ահա պարզվել է, որ հենց իրենք են ցանկություն հայտնել հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում․ - ««Ղողանջ և պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերան է: Բավական մեծ տպավորություններով են դուրս գալիս դահլիճից: Մենք շատ ուրախ ենք»:

Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը հավելեց․ - «Վիկտորիա Տիերեի ամուսինը նոր կրկեսի հիմնադիրն է: Եվ այստեղ մի խելագարվելու սինթեզ կա կրկեսային արվեստի, ակրոբատիկայի, աճպարարարության․․․ և դրա մեջ կա նաև սյուժե, կա լիրիկա, ընդհանուր մշակույթի խելագարվելու իմացություն: Ես կարող եմ հարյուր տոկոսով ասել, որ մեր հանդիսատեսը նման բան չի տեսել: Ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ թեև կար գովազդ, բոլորս ասում ենք, պատմում ենք, բայց նույնիսկ թատերական շրջանակներում մի տեսակ հետաքրքրությունն էն չի: Ինձ համար շատ զարմանալի է, որ երեկ դահլիճում ահագին դատարկ տեղ կար: Հետո ընդունեցին տասը րոպե ոտնկայս ծափահարություններով․․․ Երևի մեր ինֆորմացիան այնքան քիչ է լուրջ արվեստի առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG