Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Խորհրդարանը կքննարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցը։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պարզաբանեց. - «Անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն։ Քանի որ գագաթնաժողովի ծավալները շատ մեծ են, եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»։
Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և Հայաստանի արտգործնախարարության համաձայն, հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, և նրա այցը միաժամանակ լինելու է Ֆրանսիայի նախագահի պետական այց Հայաստան: