Մատչելիության հղումներ

Սպասողական վիճակը վատ կանդրադառնա տնտեսության վրա․ ՊԵԿ նախագահ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները և սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անանյանն ընդգծեց, որ կարծիք է հայտնում որպես տնտեսագետ․ - «Այնտեղ, որտեղ որ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Միանշանակ ճիշտ է վարչապետի տեսակետը․․․ Սպասողական վիճակը ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է»:

Նախորդ օրը խորհրդարանում Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք ու ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո, Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված բազմահազար մարդկանց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը լուծելու միակ տարբերակը այս դեկտեմբերի առաջին կեսին խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է:

Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ը և ՀՅԴ-ն, մինչդեռ, դեմ են խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն: Ավելին՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ը պնդում են ընտրություններն անցկացնել գալիք տարվա մայիս-հունիս ամիսներին՝ հավելով, որ այդ պարագայում իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ի գործադիր տնօրեն, տնտեսագետ Հեղինե Մանասյանն ակնհայտ համարեց, որ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը, ուստիև անորոշ քաղաքական իրավիճակը բացասաբար կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա՝ ռիսկային դսարձնելով երկրի ներդրումային դաշտը․ - «Եթե անորոշ ա, գործարարները որևէ բան չեն ձեռնարկում, որովհետև չգիտեն, թե Հայաստանում քաղաքական վեկտորը ուր կգնա: Նույնիսկ տնային տնտեսություններում դա կարող է որոշումներ կայանցելու գործում հապաղումներ հարուցել: Օրինակ, մարդը խնայողություններ ունի, բայց քանի որ վստահ չի, որ ֆինանսական ու տնտեսական համակարգը կայուն կզարգանան, և զարգացումը դրական վեկտորով կլինի, կարող են դա ավանդի չվերածել, կարող են խորանալ դոլարիզացիայի միտումները»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկը՝ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մյուս տարվա կեսերին՝ բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա․ - «Սա բերում է անկայունության: Անկայունության դեպքում, առավել ևս եթե խոսքը գնում է բիզնեսին, գործարար շրջանակներին և նրանց կողմից ակնկալվող ներդրումներին, դա ուղղակի կա, զրոյացվում է, կամ շատ չնչին է լինում: Որովհետև իրականում բիզնեսը սիրում է կայունություն, ու ինչքան երկարաժամկետ, այնքան շատ ավելի դրական առումով մոտեցումներ, ներդրումներ կատարելու, բիզնեսը ընդլայնելու և իրենց աշխատանքները երկրի քաղաքական իրավիճակի հետ կապելու հնարավորություններ: Հիմա քանի որ այդ ամենը չկա, բիզնեսը սպասողական վիճակում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG