Մատչելիության հղումներ

Հանրահավաքին մեքենաների վնասման փաստով ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել, Օսիպյան


Հոկտեմբերի 2-ի հանրահավաքին մեքենաների վնասման փաստով ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել։ Այդ մասին կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ոստիկանապես Վալերի Օսիպյանը։

«Ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել, որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել, որևէ հարցով չի ներկայացել, որ իր մեքենան, կամ գույքը վնասվել է», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. - «Ես ինքս համացանցից՝ լրահոսից տեղեկացա, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման բան չկա»։

Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ի հանարահավաքին բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել։

Դիմելով վարչապետին՝ Աշոտյանն ասաց. - «Եթե խոսում ենք արդարության մասին և արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար և ես ակնկալում եմ, որպեսզի ուժայինները, որոնք լսում են Ձեզ ցանկացած հարթակից, ստանան ձեզնից հանձնարարական՝ հայտնաբերելու ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին՝ բազմաթիվ ավտոմեքենաներ են երեկ վնասվել, եթե Ձեզ չեն զեկուցել, իմացեք։ Ես Ձեզ խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբնումներ անել՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից՝ վեր կանգնելով քաղաքականությունից»։

Այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր արձագանքել Աշոյանին՝ նշելով, որ երեկ Ազգային ժողովում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները չեն հաստատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG