«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ծառուկյանի խոսնակ, դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր», - նաև գրել է Տոնոյանը։
Ազգայի ժողովի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունվեց փոփոխությունները ԱԺ կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցության խմբակցությունների անդամները:
Այս փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:
Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում: