Թուրք-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամի պատճառ դարձած ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնի փաստաբանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու նրա գործով թուրքական դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը:
«Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը պահանջել է չեղարկել Թուրքիայում տնային կալանքի պայմաններում գտնվող իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ նրա ազատության սահմանափակումը համարելով անօրինական:
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ փաստաբանը նշել է, թե Բրանսոնի գործում վերացական պնդումներից բացի նրան առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույցներ չկան:
Փաստաբանի համոզմամբ, Բրանսոնին տնային կալանքի տակ պահելը հակասում է Սահմանադրության 19-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածներին:
«Այս հարցը թուրքական հասարակության համար փտախտի է վերածվել՝ բերելով քաղաքական ճգնաժամ և տնտեսական հետևանքներ: Ելնելով իրավական, տնտեսական և քաղաքական պատճառներից՝ այս խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ քննել դիմումը և դադարեցնել այս հակաօրինականությունը», - ասել է փաստաբան Հալավուրթը:
50-ամյա ամերիկացի բողոքական պաստոր Էնդրյու Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել է երկու տարի առաջ՝ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո:
Անկարան պաստորին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ ու կոչ անում Վաշինգտոնին՝ չմիջամտել իր արդարադատության համակարգին:
Միացյալ Նահանգներն անհիմն ու կեղծ է որակում այդ մեղադրանքները և պահանջում պաստորին անհապաղ ազատ արձակել:
Հոկտեմբերի 12-ին կայանալիք հերթական դատական նիստից առաջ մամուլում լուրեր են շրջանառվում ամերիկացի պաստորի ազատ արձակման հավանականության մասին:
Անցած շաբաթ ամերիկյան Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով թուրք և ամերիկացի պաշտոնյաների՝ թերթին տված մեկնաբանություններին, գրել էր, թե շուրջ երկու տարի Թուրքիայում բանտարկված պաստոր Բրանսոնը առաջիկա դատական նիստում կարող է ազատ արձակվել:
ԱՄՆ ԱԳ խոսնակ Հիզեր Նոյերթը նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Բրանսոնի հնարավոր ազատ արձակման շուրջ լրագրողների հարցին ի պատասխան չի հաստատել այս տեղեկությունը:
«Մենք ուզում ենք, որ պաստոր Բրանսոնտ օր առաջ տուն վերադառնա: Այդ գործընթացն արդեն իսկ շատ է ուշացել», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Նա նաև նշել է, որ թուրքական իշխանությունների հետ հարցի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: