Գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանը առանձնապես տանելու բան չունի՝ մի քանի գիրք ու նոթատետր:
Վարչապետը Կառավարության ԲՀԿ-ական և դաշնակցական վեց նախարարաներին երեկ ուշ երեկոյան ազատեց զբաղեցրած պաշտոններից հենց Բաղրամյան պողոտայում՝ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ․ - «Իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման Դաշնակցությունը ԵՎ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները»:
Դրան նախորդել էր ՀՅԴ-ի հայտարարությունը, թե կառավարությունից հետ են կանչում իրենց նախարարաներին: Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունում ՀՅԴ-ն զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարների պորտֆելները: ԲՀԿ-ին վստահվել էր մեկ փոխվարչապետի և չորս նախաարրի պաշտոն: Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Սպորտի և երիտասարդության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները ղեկավարում էին ԲՀԿ֊ականներ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնանկ չի արվել: Նա ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը Փաշինյանի գլխավորած կառավարությունում:
Վարչապետի այս կտրուկ քայլին նախորդել էր Ազգային ժողովում «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոոխություններ կատարելու՝ Հանրապետականի նախագծին կառավարության մաս կազմող ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմ քվեարկելուն:
Նախագիծը Նիկոլ Փաշինյանը բնութագրել էր «հակահեղափոխական»: ՀՀԿ, ՀՅԴ ԲՀԿ եռյակը երեկ ուշ երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեց և նախագիծը անցկացրեց:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օրինագծի մասին տեղյակ եղել է, իսկ զարգացումներն անսպասելի են եղել․ - «Եթե ինչ-որ մարդկանց համար նույնիսկ սպասելի էր, ապա շատ սահմանափակ թվով, որոնց մեջ ես չկայի»:
Արթուր Խաչատրյանը դեմ չէ արտահերթ խորհրդրանական ընտրությունների անցկացմանը, սակայն կարծում է, որ ժամկետները Նիկոլ Փաշինյանը նախ պետք է քննարկեր կառավարության գործընկեր ուժերի հետ․ - «Կառավարության կազմում երեք քաղաքական ուժեր կային: Կարծում եմ, այդ երեք քաղաքական ուժերը նաև պետք է քննարկեին, կառավարության մեջի ուժերը․․․ Բանակցությունները պետք է ընթանային մինչ այդ օրինագծի ի հայտ գալը, մինչև որոշում կայացնելը, թե երբ պետք է լինել ընտրությունները»:
Անկախ անսպասելի զարգացումներից՝ Արթուր Խաչատրյանը չի դժգոհում կառավարության աշխատանքից: Նախկին նախարարը խոստովանում է, որ հետհեղափոխական կառավարությունում թանկարժեք նվերներ չի ստացել, ափսոսում է, որ չհասցրեց ավարտին հասցնել իր ծրագրերը:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանը վերջին անգամ նախարարական աշխատասենյակում անցկացրել է մինչև կեսօր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարների հետ կապ հաստատել չհաջողվեց: Անգամ ԲՀԿ-ական պատգամավորները չմեկնաբանեցին Նիկոլ Փաշինյանի որոշումը: