Մատչելիության հղումներ

Լաքոթ․ «Վստահ ենք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավագույն կերպով կընթանա Հայաստանում»


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ, արխիվ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ, արխիվ

Ֆրանսիան վստահ է, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումները չեն անդրադառնա Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վրա, և Հայաստանը պատշաճ կերպով կանցկացնի այդ միջոցառումը՝ այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:

«Ցանկացած դեսպանություն միշտ ուշադիր է այն երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ, ուր գործում է: Բնականաբար, մենք չենք խառնվում ներքաղաքական զարգացումներին: Կապի մեջ եմ [հայաստանյան] ընթացիկ իրադարձությունների բազմաթիվ մասնակիցների հետ, և մենք հավատում ենք, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը», - ասաց դեսպանը՝ շարունակելով․ - «Եկող շաբաթ ողջ աշխարհը պետք է հանդիպի Երևանի հետ: Հայաստանի համար սա պատմական իրադարձություն է, եզակի հնարավորություն՝ շփվելու, կապ հաստատելու ֆրանկոֆոն աշխարհի հետ: Մենք հավատում ենք, որ գագաթնաժողովը լավագույն կերպով կընթանա Հայաստանում»:

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և Հայաստանի արտգործնախարարության համաձայն, երեկվա դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, և նրա այցը միաժամանակ լինելու է Ֆրանսիայի նախագահի պետական այց Հայաստան:

Հայաստանում սրված ներքաղաքական իրադրության ֆոնին մտահոգություններ են հնչում՝ արդյոք ներհայաստանյան զարգացումները իրենց անդրադարձը կունենան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վրա:

Ազգային ժողովի Հանրապետական, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո այս գիշեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ որևէ խնդիր չկա, որպեսզի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվի Երևանում: «Էստեղ կա մի երկու խնդիր, և էդ խնդիրներից մեկը, գիտեք՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովն է նշանակված Երևանում, և անկեղծ ասած շատ լավ կլիներ, որպեսզի կազմակերպվեր նենց, որ էդ համաժողովը ինչ-որ պատճառով․․․․ Չնայած էլի եմ ասում, նույնիսկ հրաժարական տված իրավիճակում ես շարունակելու եմ վարչապետի պարտականությունները կատարել, և ոչ մի պրոբլեմ չկա, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում տեղի ունենա: Համենայն դեպս, ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, որ ես ուղղակի գործընկերային կոռեկտությունից ելնելով կփորձեմ այս հարցը քննարկել նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երկրների ղեկավարներից առնվազն մի քանիսի հետ, նաև նրանց հետ խորհրդակցել, թե ինչը պրոբլեմ կառաջացնի, ինչը պրոբլեմ չի առաջացնի, որպեսզի նաև ճիշտ լինի ամեն ինչ», - ասաց Հայաստանի վարչապետը:

Ի դեպ, Ժոնաթան Լաքոթն այսօր հանդիպել էր լրագրողներին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առթիվ: Ֆրանսիայում բեսթսելեր դարձած գրքում Մակրոնը պատմում է իր կյանքի մասին՝ ներկայացնելով նաև Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG