Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է մեղմել ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը ատելություն կամ թշնամություն հրահրելու համար:
«Վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր դեպքերում են հիմնավորված և համարժեք քաղաքացիներին այդ հոդվածով պատասխանատվության ենթարկելու որոշումները», - նշվում է օրինագծին կից բացատրական փաստաթղթում:
Ռուսաստանի նախագահն առաջարկում է հրաժարվել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, եթե ամբաստանյալն առաջին անգամ է կատարել գործողությունը, և նրա արարքը չի համարվի լուրջ սպառնալիք սահմանադրական կարգի համար:
Քրեական պատասխանատվությունը, ըստ օրինագծի, պետք է կիրառել այն դեպքում, եթե քաղաքացին այդ մեղադրանքով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույնաբովանդակ գործողություն է կատարում: