Երեկվանից Հայաստանի տարբեր անկյուններում, հատկապես՝ Երևանում ամենուր հնչում են Շառլ Ազնավուրի երգերը, մարդիկ շարունակում են և՛ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև, և՛ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ծաղիկներ խոնարհել և մոմեր վառել։
Այս օրերին Հայաստանում են գտնվում արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հատկապես՝ շատ են ֆրանսիացիները: Լրագրողները, որոնք եկել են Հայաստան՝ լուսաբանելու Շառլ Ազնավուրի հիշատակի միջոցառնումները հայրենիքում։
Ի հիշատակ ֆրանսիական երաժշտության աստղի, այսօր Կասկադում գտնվուղ Շառլ Ազնավուրի կեցավայրում բացվեց սգո մատյան։ Վաղ առավոտից դեպի «Ազնավուրի կեցավայր մարդկանց հոսքը չէր դադարում։
Այստեղ հարգանքի իր տուրքը մատուցեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Մեզ համար հսկայական կորուստ էր: Շառլ Ազնավուրը մարմնավորում է մեր երկրների միջև հարաբերությունների ողջ խորությունը, ողջ հարստությունը և մարդասիրական ողջ հնչեղությունը։ Նախ և առաջ նա մեծ արվեստագետ է, ֆրանսերեն լեզվի մեծ սիրահար, նա Ֆրանսիայի ևֆրանսերեն լեզվի հրաշալի դեսպան էր: Այդպիսին գիտեի մինչև Հայաստան գալս, սակայն այստեղ ճանաչելով նրա ընտանիքի անդամներին՝ առավել ճանաչեցի նրա մարդկային հատկանիշները, ճանաչեցի նրա նվիրվածությունը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների խորացմանը»:
Այսօր սգո հուշամատյանում գրառումներ կատարեց Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը, ով շուրջ 30 տարի մտերիմ է եղել շանսոնյեի հետ, նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Միանշանակ մեծ ցավ է մեզ համար», - ասաց Բաբլոյանը: - «Բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: իր երաժշտությամբ բերեց հանդարտություն, համերաշխություն, բերեց սեր ու բարեկամություն հայ-ֆրանսիական ժողովուրդներին, երկու երկրներին, երկու պետություններին և ամբողջ աշխարհին։ Տարիների ընթացքում և՛ փոխվում էր, և՛ չէր փոխվում։ Չէր փոխվում, որովհետև ինքը Շառլն էր, Ազնավուրը, փոխվում էր, որովհետև, իհարկե, մեծանում էր, ծերանում էր, բայց երբեք իրեն ծեր չէր զգում»:
«Այն ամենը, ինչ արել է Շառլը մեր ժողովրդի համար, նույնպես ուղեցույց է, թե ինչպես կարելի է ապրել կյանքը և լինել հավատարիմ զավակ քո ժողովրդին, քո երկրին», - ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Լիլիթ Մակունց․ - «Գրեթե բոլոր փողոցներում հնչում է Շառլ Ազնավուրի երաժշտությունը, սոցիալական բոլոր հարթակները ողողված են․․․ Իհարկե հուզիչ է այս ամենը»:
Վաղ առավոտից չէր դադարում նաև երիտասարդների հոսքը դեպի շանսոնյեի կեցավայր։
Այսօր Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա... Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ»: