Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի լրագրող․ «Բոշիրով»-Չեպիգան Ռուսաստանի հերոսի կոչում ունի


Ռուսլան Բոշիրովի և Անատոլի Չեպիգայի լուսանկարները
Ռուսլան Բոշիրովի և Անատոլի Չեպիգայի լուսանկարները

Ռուսաստանցի լրագրող Սերգեյ Կանևը, ով մասնակցել է The Insider-ի և Bellingcat-ի հետաքննությանը, ուկրաինական «Գրոմադսկայե» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ բրիտանական ոստիկանության կողմից Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ռուսլան Բոշիրովը, որոշ տեղեկություններով՝ նույն ինքը Անատոլի Չեպիգան, Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ռուսաստան տեղափոխելու օպերացիայի համար։

Հիշեցնենք՝ The Insider-ի և Bellingcat-ի հետաքննության շնորհիվ հայտնի է դարձել, որ Ռուսլան Բոշիրովը Ռուսաստանի զինված ուժերի հետախուզության՝ ГРУ-ի գնդապետ Անատոլի Չեպիգան է: Ռուսաստանցի լրագրողները գտել են նրա համագյուղացիներին, նույնիսկ՝ նրա մոսկովյան հասցեն։ Կանևը պատմել է, որ Չեպիգան 2014-ի փետրվարին Ռուսաստանի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցների հետ ժամանել է Յանուկովիչի Մեժգորյե առանձնատուն և պաշտպանել է նրան, այնուհետև նաև տեղափոխել է Ռուսաստան: Հենց այս գաղտնի օպերացիայի համար է նա ստացել Ռուսաստանի հերոսի կոչումը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, թե Չեպիգան Ռուսաստանի հերոսի կոչում ունի:

Կանևի պնդմամբ՝ այս նույն օպերացիայի համար Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, այսօր Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը։ Լրագրողի խոսքով՝ այս օպերացիայի համար պետական պարգևներ են ստացել նաև նրանք, ովքեր ապագայում դարձել են «Վագներ» տխրահռչակ մասնավոր բանակի առանցքային ծառայողներ: Լրագրողը, ով անվտանգության նկատառումներով մեկնել է Ռուսաստանից, խոստացել է առաջիկայում հրապարակել այս օպերացիայի մանրամասները և Սկրիպալների գործով անցնող երկրորդ անձի՝ պայմանական Ալեքսանդր Պետրովի իսկական անուն-ազգանունը:

ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել էին ռուսական արտադրության «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով այս տարվա մարտի 4-ին, բրիտանական Սոլսբերի քաղաքում: Բրիտանական ոստիկանությունը վերջերս հրապարակել էր Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի անուններն ու լուսանկարները և հայտարարել, որ նրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են և Սկրիպալներին թունավորել են Ռուսաստանի իշխանությունների հրամանով։ Լոնդոնի այս դիրքորոշմանը աջակցություն են հայտնել նաև Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս երկրները։

Մոսկվան այս մեղադրանքը հերքում է, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Բոշիրովն ու Պետրովը շարքային, քաղաքացիական անձինք են և հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունեն:

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո հարցազրույց է վերցրել պայմանական Բոշիրովից և Պետրովից, որում նրանք ասել են, թե սովորական զբոսաշրջիկներ են և Սոլսբերի էին մեկնել հայտնի տաճարը տեսնելու համար։

The New York Times-ը, այսօր հղում անելով լրտեսների մասին նոր գրքին, գրել է, որ Սկրիպալը ժամանակին բրիտանական հատուկ ծառայություններին էր հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ կոռուպցիոն սխեմայի մասին տվյալներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG