Մատչելիության հղումներ

Ամերիկայի իմիջն աշխարհում լուրջ անկում է գրանցել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Նյու Յորք, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Նյու Յորք, 2018թ.

ԱՄՆ վարկանիշն ամբողջ աշխարհում անկում է գրանցել, ինչը պատճառաբանվում է դաշնակիցներին մշտապես քննադատելու և թշնամիներին գովաբանելու նախագահ Դոնալդ Թրամփի գործելակերպով:

Pew Research Center հետազատական հաստատության անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, մեծ թվով երկրներում հանրությունը Թրամփին սկսել է ավելի քիչ վստահել, քան ոչ միայն Գերմանիայի և Ֆրանսիայի, այլ նույնիսկ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներին:

Pew Research Center-ը 25 պետություններում 23 հազար 112 մարդկանց շրջանում անցկացրած հարզախույզի արդյունքները երեկ է հրապարակել:

Ըստ հետազոտության, հարցվածների միայն 27 տոկոսն է ենթադրում, որ Թրամփը համաշխարհային ասպարեզում ճիշտ գործողություններ է կատարում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի գործողություններին հավանություն է տալիս հարցվածների համապատասխանաբար 30 և 34 տոկոսը:

Միջազգային ասպարեզում առավել վստահելի պետական գործիչ է համարվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նրա քաղաքականությանը հարցվածների 52 տոկոսն է հավանություն տալիս՝ Թրամփի համեմատությամբ գրեթե կրկնակի շատ:

Երկրորդ տեղում 46 տոկոս վստահություն վայելող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է:

Pew Research կենտրոնը նշում է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Թրամփը դուրս է բերել Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայի համաձայնագրից, Իրանի հետ միջուկային պայմանագրից, փորձում է ավելի սերտ կապեր հաստատել ավտորիտար աշխատաոճով հայտնի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

Բացի այդ, Թրամփը գրեթե անընդհատ քննադատում է հարևան Կանադային, Մեքսիկային, Գերմանիային և ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրներին:

Անցյալ շաբատ ՄԱԿ-ի Գլխավրր ասամբլեան ծիծաղով է ընդունել Թրամփի հայտարարությունն այն մասին, թե նրա վարչակարգը երկու տարում ավելի շատ նվաճումներ է ապահովել, քան ամերիկյան որևէ այլ վարչակարգ պատմության ընթացքում:

Pew Research հաստատության հետազոտության արդյունքների համաձայն, 2017 թվականին արձանագրված Ամերիկայի իմիջի անկումը շարունակվել է 2018-ին և առավել խորացել է Եվրոպայում:

Միաժամանակ Pew Research-ը նշում է, որ չնայած Թրամփի իմիջի անկմանը՝ հարցախույզի մասնակիցների 63 տոկոսն այնուամենայնիվ գերադասում է մոլորակի լիդերի դերում տեսնել Միացյալ Նահանգները: Չինաստանին լիդերի դեր է վստահում հարցվածների միայն 19 տոկոսը:

25 երկրներից 19-ում հարցվածները կարծիք են հայտնել, որ Թրամփի միջազգային քաղաքականությունը հաշվի չի առնում իրենց շահերը:

Pew Research-ը հարցումն անցկացրել է այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG