Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ՎՏԲ բանկին


Պղնձաձուլական գործարանի և Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ հանրային քննարկում Ալավերդում:
Պղնձաձուլական գործարանի և Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ հանրային քննարկում Ալավերդում:

Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։

Ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանն «Ազատության» հետ հարցազրույցում նշեց, որ «Վալլեքս» խմբի ընկերություններն այսօրվա դրությամբ որևէ կապ չունեն արդեն 10 ամիս պարապուրդի մատնված հանքավայրի հետ, թեև իրավական ճանապարհով վիճարկում են դրա ռուսաստանյան բանկին անցնելու գործընթացի օրինականությունը։

«Կարելի է արձանագրել, որ «Թեղուտը» դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների անդամ: Մենք, իհարկե, համամիտ չենք այս իրավիճակի հետ, մենք գործողություններ ենք կատարելու էդ ուղղությամբ, վիճարկելու ենք էս իրողությունը: Բայց այսօր դա փաստ է: Էս պահի դրությամբ մենք չենք կառավարում «Թեղուտ»-ում», - ասաց նա՝ հավելելով, որ այժմ կառավարումն իրականացվում է «ՎՏԲ բանկի և նրա հետ ասոցիացված կառույցների կողմից նշանակված ղեկավարների կողմից»:

Այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 800 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով, հետո, արդեն պարզ դարձավ, որ պոչամբարը լուրջ խնդիրներ ունի, որոնք կարող են վթարի պատճառ դառնալ։

Այսօր «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահը չի բացառում, որ ՎՏԲ բանկը կարող է նաև տնօրինել Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը ևս իր ամբողջ գույքով գրավադրված է բանկում․ - «Ալավերդու գործարանը և Ալավերդու գործարանի ակտիվները գրավադրված են ՎՏԲ բանկում՝ Թեղուտի ծրագրի հետ կապված: Հիմա գնում է գործընթաց բանկի հետ, կտեսնենք ապագան ինչպես կգնա»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ալավերդու գործարանը նույնպես անցնի ՎՏԲ բանկին Կարապետյանն արձագանքեց․ - «Որպես իրավաբան ասեմ, որ զուտ տեսական մակարդակում հնարավորություն կա: Որովհետև ցանկացած գույք, որ գրավադրված է ինչ-որ մեկի օգտին, հնարավոր է, որ իրացվի: Բայց էս պահին նախանշաններ չկան»:

Ռուսաստանյան բանկում գրավադրված գործարանն անցած ամիս 387 միլիոն դրամով տուգանվել է բնապահպանական տեսչական մարմնի կողմից։ Կառավարությանն առընթեր կառույցը պարզել է, որ վերջին երեք տարիներին գործարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը և լուրջ վնաս հասցրել շրջակա միջավայրին։

Այսօր Ալավերդիում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, որի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ ընկերությանը հանձնարարել են առաջիկայում միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։

Մինչդեռ այսօր գործարանի ղեկավարները նշում են, որ պետական կառույցի հանձնարարականները չեն կարող կատարել. արտանետումները, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը մինչև 15 անգամ, չեն կարող նվազեցնել, քանի որ դրա համար հարկավոր է կրճատել արտադրողականությունը, ինչը վնասաբեր կլինի ընկերության համար:

«Մենք էսօր ունենք վատ լուծում և ավելի վատ լուծում: Մենք չունենք լավ լուծում: Մեզ պետք ա, որպեսզի պետությունը կամ ասի՝ դուք աշխատում եք, հետևաբար ձեզ տալիս ենք 38 հազար տոննա արտանետման թույլտվություն․․․ կամ ասի՝ ես չեմ տալիս էդ թույլտվությունը, կասեցրեք էդ գործունեությունը ու փակեք գործարանը», - հանրային քննարկման ժամանակ ասաց Սահակ Կարապետյանը։

Վերջին ամիսներին գործարանի ավելի ակտիվացած արտանետումները նվազեցնելու պահանջով ստեղծվել էր «ՍՈՍ Ալավերդի» նախաձեռնող խումբ։ Խմբի անդամ Օլեգ Դուլգարյանն այսօրվա քննարկման ժամանակ պղնձաձուլական գործարանը շահագործող ընկերության ղեկավարների այս «կամ-կամ» շեշտադրումը դիտարկեցին որպես շանտաժ՝ ուղղված կառավարությանն ու Ալավերդու բնակչությանը․ - «Այսինքն այլընտրանք չկա՝ կա՛մ փակում ենք, կա՛մ աշխատում ենք նույն ձևով․․․ Կամ-կամ չի կարա լինի․․․ Ստեղ ճիշտ են մարդիկ ասում․ եթե գործարանը փակվեց, Ալավերդուց քոչելու են: Բայց հավատացեք, Ալավերդու հանրության զգալի մասը ուզում ա Ալավերդուց գնա հենց ձխի պատճառով»:

Ամեն դեպքում, ընկերության ղեկավարները այսօր պնդեցին, որ այլ առաջարկ չունեն, բացի այն, որ Չինաստանի կառավարության հետ բանակցում են Ալավերդիում մոտ 600 միլիոն դոլարի ներդրումների հաշվին նոր, աշխարհի ամենանորագույն տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու ծրագրի շուրջ։

Խոստանում են՝ ծծմբի անհիդրիդի արտանետումները 98 տոկոսով չեզոքացնելու են, 800-1000 աշխատատեղ են ստեղծելու։

Բայց ալավերդցիները շեշտում են նախորդ տարիներին «Վալլեքս» ընկերության Ալավերդին բիզնես կենտրոն, զարգացած քաղաք դարձնելու մասին պնդումներն ու կասկածի տակ առնում, թե ևս 6-7 տարի համբերելուց հետո կունենան իրականում առանց արտանետումների քաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG