Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը:
Փաշինյան այսօր երեկոյան առաջինը կհանդիպի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն՝ ընդգծելով, որ հանդիպումից հետո կտեղեկանան ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Այսօր կլինի առաջին հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և, կարծում եմ, հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետը, կտեղեկացնի ինչ քննարկում է եղել», - ասաց Նազարյանը։
Նշենք, որ Հանրապետականի հետ հանդիպումից առաջ, Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ կրկին անդրադարձավ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարևորությանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք անհրաժեշտ են Հայաստանում ներդրումներ ապահովելու և բիզնեսին վստահություն ներշնչելու համար:
Փաշինյանը շեշտեց, թե վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում անվստահելի իրավիճակ է ստեղծվել:
Նա հույս հայտնեց, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: Թեև, նկատենք, Փաշինյանը չբացառեց նաև այդ տարբերակը:
«Այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ մենք չունենք։ Բացի դա այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, առայժմ՝ աշխատանքային կարգով, քննարկումներ կսկսեմ։ Ես հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ նաև պատրաստ կլինեք քաղաքական այս գործընթացին՝ ձեր աջակցությունը ցուցաբերել՝ այս կամ այն ձևով»։
Նշենք, որ Հանրապետականները չեն թաքցնում՝ դեմ են որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի մտադրությանը: Մասնավորապես, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, դեռևս խորհրդարան չի եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և հետո, ըստ Շարմազանովի, ինչպես ժամանակին նշել էր Նիկոլ Փաշինյանը, դեռևս չի անցել հետհեղափախական էյֆորիկ շրջանը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերն ընտրությունների ընթացքում հավասար հնարավորություններ ունենան։
«Ո՞ւր է Ընտրական օրենսգիրքը, նույնիսկ Ազգային ժողով չի եկել, ո՞ւր է Վենետիկի հանձնաժողովը։ Հիմա էլի իրողությո՞ւն է փոխվել, պարոն Փաշինյան, հինգ ամսվա մեջ որերորդ անգամ վարչապետը փոխում է իր կարծիքը», - ասաց Շարմազանովը։
Ի դեպ, այս տեսակետը կիսում են նաև խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ խմբակցությունում՝ «Ծառուկյան» դաշինքում. խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում և փոփոխված Ընտրական օրենսգրքով:
Նկատենք՝ կառավարության ծրագրում «կարևորվում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝ հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ և այլն։
«էս ամեն ինչը չկա, և, հետևաբար, էս առումով ենք մենք համարում նաև անիմաստ ընտրությունների արհեստական արագ անցկացումը», - ասաց Պետրոսյանը։
Հարցին, թե մինչև դեկտեմբեր ռեա՞լ չէ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Մինչև դեկտեմբեր մնաց երկու ամիս, հիմա մի քիչ սեղմ են ժամկետները, բայց ասեք ինչո՞ւ հենց անպայման պետք է լինի դեկտեմբերին։ Մեզ, օրինակ, հետաքրքրում է, թե այդ ի՞նչ կազմակերպություններ են, որոնք պատրաստակամություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, կոնկրետ ո՞ր ոլորտներում են այդ ներդրումները նախատեսվում, ի՞նչ պայմաններով են ներդրումները նախատեսվում։ Թող հարգարժան պարոն Փաշինյանն այս հարցերին հստակ պատասխան տա, գուցե իսկապես այնպիսի կարևոր ներդրում են, որ քաղաքական ուժերը վերանայեն արտահերթ ընտրւոթյունների անցկացման վերաբերյալ իրենց նախապես արտահայտած դիրքորոշումները։ Բայց օդի մեջ ասել ներդրումներ կան, որ չեն արվում, մենք էլ իրավունք ունենք իմանալ, թե այդ ինչ կոնկրետ ներդրումներ են»։
Ի դեպ, անդրադառնալով ժողովրդի ճնշմամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությանը, Գևորգ Պետրոսյանը շեշտում է, թե դա, իր համոզմամբ, սահմանադրական կարգը տապալելու կոչ է, ինչն իրենց համար անընդունելի է:
«Մենք որևէ ընտրությունից չենք խուսափում, պարզապես երբ որ խոսվում է Ազգային ժողովը ժողովրդի ճնշմամբ լուծարելու մասին, մենք սրան ենք դեմ, որ չի կարելի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անել։ Եթե ասում է, որ Ազգային ժողովը պետք է պաշարի ժողովուրդը և պահանջի, դա ի՞նչ է նշանակում, դա ուրիշ անվանում չունի», - ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե առայժմ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանից առաջարկ չեն ստացել, սակայն պատրաստ են այդ հարցը քննարկել վարչապետի հետ։
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան»-ին, ապա պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, թե իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին, եթե նույնիսկ դրանք տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին:
Ըստ Մարուքյանի, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք երրորդ քաղաքական ուժն են, և եթե վաղը լինեն ընտրություններ, ապա գուցե դառնան երկրորդ ուժը:
Հարցին, թե դեկտեմբերը տրամաբանակա՞ն ժամկետ է, որպեսզի և՛ Ընտրական օրենսգիրքը բարեփոխվի, և՛ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ լինեն, Մարուքյանը պատասխանեց. - «Այդտեղ խնդիր կա, որովհետև եթե Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի մինչև դա, ուրեմն մենք պետք է Վենետիկի հանձնաժողովի կարծիք ստանանք, որը ժամանակատար գործընթաց է, և դրան գումարած այնտեղ կա կոնկրետ չափորոշիչ, որ եթե կոնկրետ օրենք է փոխվում՝ ընտրական օրենք, ապա պետք է բավարար ժամանակ տրվի, որ քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել նոր կանոններին։ Հետևաբար, եթե ընտրությունները դեկտեմբերին են իրականացվելու, ապա ես կարծում եմ, որ հին օրենսգրքով պետք է իրականացվեն, որովհետև չեմ պատկերացնում, թե ոնց է նորը ընդունվելու»։
Մեկ այլ հարցի, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Փաշինյանը կրկին դիմի փողոցային պայքարին, այս անգամ իրենք կմիանա՞ն, Մարուքյանն ասաց, թե վարչապետի նախաձեռնությունն իրենք պաշտպանելու են։