Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան․ Արտահերթ ընտրությունների պահանջը օդում կախված է


Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը «օդում կախված է, դա իսկապես համաժողովրդական պահանջ է»: Այդ մասին նա հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

«Կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, և կա խորհրդարան, որը չի ներկայացնում ոչ մեկի, այնինչ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է», - ասաց առաջին փոխվարչապետը:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ: Փաշինյանը երեկ չբացառեց, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն արդեն այս տարվա վերջին:

«Ազատություն»․ - Վարչապետը ասում է, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

Արարատ Միրզոյան․ - Կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների պահանջը պարզապես, եթե պատկերավոր ասեմ, օդում կախված է, դա իսկապես համաժողովրդական պահանջ է: Կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, և կա խորհրդարան, որը չի ներկայացնում ոչ մեկի, այնինչ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է:

«Ազատություն»․ - Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, ժամանակ են պահանջում, հազիվ թե հասցնեք այս տարի սահմանադրական փոփոխություններ անցկացնել և հետո հասցնել խորհրդարանի ինքնալուծարման:

Միրզոյան․ - Ճիշտ եք ասում, սահմանադրական փոփոխությունները մի քիչ երկար ճանապարհ են, բայց ես կարծում եմ, որ կարևորը քաղաքական համերաշխությունը ֆիքսելն է, եթե բոլոր կողմերը ցանկանան իսկապես մասնակցություն ունենալ սրանում: Բայց բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են, սա չի հարցը: Բայց ես կարծում եմ՝ կողմը, կոնկրետ՝ Հանրապետական կուսակցությունը, մյուս կուսակցությունները, որոնք կողմ են էս ամբողջ խոսակցության, կողմերից մեկն են, պիտի հնարավորություն ունենան իրենք նաև դրա տակ ստորագրելու, այսինքն՝ շանսը տրվի էդ մարդկանց, որ գրեն, որ «գիտակցում ենք էսինչ-էսինչ իրողությունները և գնում ենք էսինչ ճանապարհով»:

«Ազատություն»․ - Ինչու տվեցի այդ «ինչո՞ւ» հարցը՝ դա հենց հանրապետականների շուրթերից հնչող հարց է ավելի շատ, օրինակ, ասում են իրենք, թե և՛ մուրճն է ձեր ձեռքը, և՛ մեխը:

Միրզոյան․ - Միայն ձևակերպումային առումով է այդպես, որովհետև ասում է պարոն Շարմազանովը մեխի ու չագուչի մասին, բայց ես տեսնում եմ ակնհայտ փորձ՝ անելու բանակցությունների իմիտացիա մի նպատակով՝ ժամանակ ձգել և երկարացնել ներկայիս ոչ մեկին չներկայացնող խորհրդարանի լիազորությունների ժամկետը ինչքան հնարավոր է՝ մեկ օր ավել, մի ամիս ավել, երեք ամիս ավել, որովհետև գուցե, հնարավոր է, Փաշինյանի ռեյտինգն ընկնի, և իրենք անվստահություն հայտնեն և ձերբազատվեն այս՝ իրենց համար ոչ այնքան սիրելի կառավարությունից: Ես միանգամից ուզում եմ ասել, որ էս փորձերը, իհարկե, չեն հաջողվելու:

Հիմա, տեսեք, ես գիտեմ, որ վարչապետը պայմանավորվածություն ունի հանդիպման մասին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ: Հիմա, գուցե մի հատ իրենք իրար մե՞ջ հասկանան՝ ինչ են ուզում, ուզում ե՞ն բանակցեն, թե՞՝ չէ: Ինձ ասում էին, որ խառն են հանրապետականները, բայց էս աստիճանի չէի պատկերացնում:

«Ազատություն»․ - Տեղի է ունեցել [Հանրապետականի] գործադիր մարմնի նիստ, և ասում են, որ նախկին նախագահն է մասնակցել: Ի՞նչ եք կարծում, որևէ տեղեկություն կա՞՝ ինչ են որոշել:

Միրզոյան․ - Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ես չունեմ տեղեկություններ, բայց թույլ տվեք չկիսվել դրանցով:

«Ազատություն»․ - Բայց ունեք:

Միրզոյան․ - Այո, իհարկե:

«Ազատություն»․ - Այսինքն, կարծո՞ւմ եք, որ ի վերջո այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ նրանք, ի վերջո, կգան համաձայնության:

Միրզոյան․ - Ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG