Մատչելիության հղումներ

Հաջիև. «Ալիև-Փաշինյան հանդիպումը վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է»


Հիքմեթ Հաջիև, արխիվ
Հիքմեթ Հաջիև, արխիվ

«Ալիև-Փաշինյան հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն էր», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով` «դա ևս մեկ անգամ վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է, և դրանք ընթանում են հենց հակամարտության կողմ հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Հաջիևն ասել է, որ նույն ձևաչափում էին ընթացել արտգործնախարարների` Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կայացած բանակցությունները, ինչպես նաև Բրյուսելում հուլիսին տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք այդ ամենը դրական ենք գնահատում: Ադրբեջանը պատրաստ է հայ -ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստող կառուցողական բանակցություններին և շփումներին: Դա ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի հավատարմությունը ներկա ձևաչափով ծավալվող բանակցային գործընթացին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են անցած շաբաթավերջին Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ գագաթնաժողովը: Երկու երկրների ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG