Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Ավագանու անդամների 65 մանդատը բաշխվեց երեք առաջատար ուժերի միջև՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ և «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:
Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848 հազար 346 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեց 370 հազար 368-ը կամ 43.66 տոկոսը: Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից երևանցիներն իրենց առավելագույն քվեն տվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին, որը ստացավ 294 հազար 92 քվե, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 հազար 218 քվեով, երրորդը «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 114 քվեով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հայտարարեց՝ ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում չի ներկայացվել, դիմում չի ներկայացվել նաև ընտրությունների կազմակերպման և ընտրական գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև քվեարկության օրը։ ֊ «Ընտրական հանձնաժողովներում, այդ թվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի ստացվել որևէ դիմում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ։ Չի եղել անգամ որևէ հրապարակային փաստի հայտարարում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ։ Ընտրությունների ընթացքում վարչական դատարան հայց չի ներկայացվել», ֊ հավելեց նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նաև ասաց, որ Դաշնակցություն կուսակցության ավագանու թեկնածուներից մեկի կողմից դիմում է ներկայացվել, որով պահանջում էին վերահաշվարկել 3/5 տեղամասում քվեարկության արդյունքները։ Մուկուչյանն ասաց՝ քվեարկության արդյունքների հաշվարկման ընթացքում դիմումատուն ներկա չէր եղել ընտրական տեղամասում , որի հիմքով էլ դիմումը մերժվել է։ Սակայն տարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է վերահաշվարկ, որի արդյունքում որևէ տարբերություն չի արձանագրվել։ Այլ տեղամասերում վերահաշվարկներ ևս եղել են. ֊ «Քվեարկության արդյունքների արձանագրությունների ուսումնասիրմամբ թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են 8/33 ընտրական տեղամասի արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, որի հիմքով և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 50 հոդվածի պահանջներով, տարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է վերահաշվարկ, որի արդյունքում արձանագրված տվյալների էական փոփոխություններ չեն արձանագրվել»:
«Ազատության» հետ զրույցում տարիներ շարունակ ընտրական գործընթացի կազմակերպիչ Մուկուչյանը ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունները կխթանեն, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նույն կերպ, արձագանքեց. ֊ «Երբ ընտրական գործընթացի յուրաքանչյուր սուբյեկտ հստակ իրականացնում է իր գործառույթները Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, բնական է՝ դա արտացոլվում է ընտրության արդյունքներում»:
Հոկտեմբերի 10-ին կգումարվի Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, ինչը նախատեսված է մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքով։ Նույն օրենքը նաև նախատեսում է, որ եթե ընտրությունների արդյունքով ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին ստանում է մեկ կուսակցություն կամ դաշինք, ապա այդ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով դառնում է ընտրված քաղաքապետ՝ առանց ավագանու քվեարկության։