Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմում-բողոքը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ: Կուսակցությունը պահանջել էր դիմել դատարան՝ Իոաննիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով:
Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հրապարակել էր իրենց ունեցած տեղեկությունները, ըստ որոնց մի քանի կուսակցություններ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրակաշառք են բաժանել: Նշել էր նաև, որ ԲՀԿ-ն գումար է բաժանել նախընտրական ֆլեշմոբի մասնակիցներին:
«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը երեկ ԿՀԸ-ի քննարկման ժամանակ նշել էր, որ սա հակաքարոզչություն է իրենց կուսակցության դեմ: Մինչդեռ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշում էր, որ տեղեկություն են հաղորդել ընտրողներին և քարոզչության միտում չեն ունեցել:
Երեկվա քննարկումից հետո, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ չեն կարող դիմել վարչական դատարան, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի հստակեցնում «քարոզչության և տեղեկատվության սահմանները»: