Մատչելիության հղումներ

Ճարտարապետն ահազանգում է․ Երևանում մետրոյի համար նախատեսված վայրերում կառուցապատում է իրականացվել


Անվանի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ահազանգում է՝ քաղաքաշինության նկատմամբ պետական մոտեցումների բացակայության պայմաններում հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ Երևանում այլևս մետրոյի կայարաններ չենք կարող ունենալ, քանի որ դրանց համար նախատեսված տեղերում արդեն շենքեր են վեր խոյացել:

«Ես համարվում եմ Քաղաքաշինության խորհրդի անդամ: Քննարկում ենք հարցեր, կարծիքներն արձանագրվում են՝ դեմ ենք, քամին գալիս է՝ դա փչում տանում է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մուշեղյանը: - «Բացատրում ասում եմ՝ այ ընկերներ այստեղ Մետրոպոլիտեննա անցնելու, տարածքները, որ ռեզերվացված են, միայն նրա համար են ռեզերվացված, որ այդտեղ մետրոյի կայարանը լինի: Նույնիսկ ասում եմ՝ գնացեք բացեք էսինչ-էսինչ պլանները և տեսեք, որ ռեզերվացված է մետրոյի կայարանի կառուցման համար, բայց ոչ մի նշանակություն չուներ»:

Ճարտարապետը մատնանշում է Կոմիտաս փողոցի վրա՝ Շիրվանզադեի դպրոցի մոտ գտնվող երեքհարկանի շենքի օրինակը: - «Մենք չքանդեցինք դա սարքեինք, որպեսզի մնար մետրոյի կայարան՝ ուրիշ տեղ չկար: Բերեցին բնակելի շենք կառուցեցին: Ասացինք՝ չի կարելի, հա՛մ դպրոցն ես գրավում, հա՛մ մետրոն»:

Մուշեղյանը նաև հիշեցնում է Աջափնյակ մետրոյի պարագան․ - «Կառուցված էր Աջափնյակ մետրոն և պետք է շարունակություն ունենար դեպի Շինարարների փողոց: Մեկին (ինչ որ Փամբուկյան) բնակելի շենք կառուցեցին: Երբ որ եկավ Ասիական զարգացման բանկը, ուզում էին պայմանագիր կնքեին մետրոն Աջափնյակ տանելու համար՝ չթողեց, որովհետև բողոքելու էր՝ չեմ հանգիստ կարող քնել»:

Գուրգեն Մուշեղյանը շեշտում է, որ բազմիցս է քաղաքաշինական ամենատարբեր խնդիրներով դիմել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, բայց ոչինչ էլ չի փոխվել:

«Պետությունը շատ լուրջ մոտեցումներ պիտի ունենա քաղաքաշինության նկատմամբ և ոչ թե ամբողջովին թողնի մասնավորի քմահաճույքին», - համոզված է ճարտարապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG