Մատչելիության հղումներ

16-րդ անգամ կմեկնարկի «Հայ Ֆեստ» ամենամյա միջազգային թատերական փառատոնը


«Հայ Ֆեստ»-ի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյան
«Հայ Ֆեստ»-ի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյան

Աշնանային այս օրերը լի են մշակութային ամենատարբեր իրադարձություններով՝ նոր ցուցահանդեսներ, դասական երաժշտության փառատոններ: Դրանցից են «Կոմիտասյան երաժշտության փառատոնը», «Թումանյանի հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 13-րդ միջազգային ամենամյա փառատոնը:

Իսկ այսօր արդեն 16-րդ անգամ կմեկնարկի ամենամյա թատերական միջազգային «Հայ Ֆեստ» փառատոնը, որի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում փոխանցեց, որ այս տարի փառատոնը հյուրընկալելու է 22 երկրներից ժամանած ավելի քան 250 մասնակիցների՝ ոչ միայն հեղինակավոր դերասանների և ռեժիսորների, այլև մի շարք թատերական միջազգային փառատոների նախագահների Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Ռուսաստանից և այլն:

Այս տարվա «Հայ Ֆեստ»-ի ընթացքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի 40 ներկայացում՝ երաժշտական, դրամատիկական, պարային, տիկնիկային, կրկեսային, մանկակական և, իհարկե, ինչպես միշտ ամեն օր Սունդուկյանի թատրոնին հարող Անգլիական այգում տեղի կունենան նաև բացօթյա ներկայացումներ:

«Մենք կունենանք երկու կոնֆերանս, ամեն օր վարպետության դասեր, սեմինարներ, որոնք կկայանան Թատերական ինստիուտում, իսկ բացօթյա դասերը կլինեն Անգլիական այգում», - ասաց Արթուր Ղուկասյանը:

Հարցին, թե ինչպիսի զարգացում է ապրել փառատոնն այս 16 տարիների ընթացքում, Արթուր Ղուկասյանն պատասխանեց, որ զարգացման համար բազմաթիվ գործոններ են անհրաժեշտ, բայց փաստ է նաև, որ 2006 թվականից «Հայ Ֆեստը» գլխավոր թատերական միջազգային փառատոնն է նախկին Խորհրդային Միության տարածքում։ Ցավոք, ասաց, ֆինանսների բացակայությունը հնարավորություն չի տալիս փառատոնին էլ ավելի առաջ գնալ:

«Մենք չենք կարող մտնել բարձրագույն լիգայի մեջ, ինչքան էլ մենք լինենք հիանալի: Հայաստանը այդ ռեսուրսը չունի, որ մտնի այդ լիգայի մեջ», - իր խոսքում նշեց փառատոնի հիմնադիր նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG