Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ Մենք ամբողջությամբ Նիկոլի կողքին ենք լինելու


«Սասնա ծռեր» կուսակցությունը կողմ է, որպեսզի օր առաջ Ազգային ժողովը լուծարվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանը հայտարարեց, որ նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը ևս մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն թե ինչ ձևաչափով դեռ հստակ չէ։ Ասաց նաև, որ պատրաստ են բանակցել վարչապետ Փաշինյանի հետ, ինչպես նաև հնարավոր ամեն ինչ անելու են՝ օժանդակելու գործող իշխանությանը.. - «Մենք ժամանակ ենք կորցնում օր առաջ երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար: Եվ այդ զարգացման փուլի գլխավոր հանգրվանը դա նոր Ազգային ժողովի ձևավորումն է: Վերջապես 20-25 տարիների ընթացքում առաջին անգամը պիտի լինի, որ ժողովրդի կամքով մեր երկրում ձևավորվելու է քաղաքական դաշտ: Եվ բնականաբար, առանց քաղաքական դաշտի ձևավորման, երկրի զարգացում հնարավոր չէ: Այս իմաստով շատ մեծ նշանակություն ունի շատ շուտ լուծարումը այս Ազգային ժողովի և օր առաջ ձևավորել նոր քաղաքական դաշտ՝ ժողովրդի կարծիքին հարիր»:

Հարցին, թե եթե Ազգային ժողովն ինքնալուծարման չգնա, արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ միասին փողոց դուրս գալ և շարունակել պայքարը, արձագանքը միանշանակ էր. - «Անշուշտ: Մենք Նիկոլի կողքին են լինելու մինչև այն ժամանակ, որ մեր երկրում չի ձևավորվել դասական իմաստով քաղաքական դաշտ: Մենք ամբողջությամբ Նիկոլի կողքին ենք լինելու»:

«Իսկ ձևավորվելուց հետո ժամանակը կհուշի, ապագա Ազգային ժողովի ձևակազմը ինչպիսին կլինի՝ մեր ժողովուրդը կորոշի: Դրանից հետո ամենի մասին կարող ենք խոսել: Վերջապես բոլորս պիտի գիտակցենք, որ զարգացման հուն ասելով, պիտի հասկանանք, որ պետք է տեղի ունենա բազմակարծություն, պետք է տեղի ունենան բանավեճեր, պետք է ծնվի ոսկե միջինը բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների հետ կապված: Այսօր այդ հնարավորությունը չունի հայ ժողովուրդը։ Այսօր գլխավոր խափանողը այդ ընթացքի գործող, ես կասեի՝ կույրաղիքային Ազգային ժողովն է», - հավելեց Ժիրայր Սեֆիլյանը:

«Արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հոկտեմբերի 7-ից բողոքի ակցիաներ է նախաձեռնում՝ պահանջելով արդարացման որոշում կայացնել իր հոր նկատմամբ, ինչպես նաև համաներում Հայաստանում բոլոր կալանավորների համար:

Այս առնչությամբ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք աջակցում են Շահեն Հարությունյանի պահանջներին և հորդորում են գործող իշխանությանը լուծում տալ այդ հարցին. - «Գիտակցելով, որ գործող իշխանությունը, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը այն անձը չէ, որ մենք պետք է հասարակական ճնշմամբ հետը զրուցել, այդ գիտակցությունը ունենալով է, որ մենք մինչ օրս չենք դիմել էդ քայլին: Բայց, ես կարծում եմ, որ շատ հասունացած է էդ վիճակը, և կարծում եմ, որ Նիկոլի թիմն էլ է դա հասկանում, և հուսով եմ, որ առաջիկա շաբաթներում վերջապես այս կնճռոտ հարցը կլուծվի:

«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը դեռևս օգոստոսին էին հայտարարել՝ վստահ լինելով, որ Հայաստանում ամենամեծ ուժերից մեկն իրենք են լինելու։

Վաղը տեղի կունենա «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին, որտեղ կընտրվի կուսակցության ղեկավար կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG