Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում, և կարևորել է համագործակցությունը տնտեսության ոլորտում:
Հայաստանի վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը:
ՀՀ վարչապետը կարևորել է նաև համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ԱՊՀ-ի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ:
Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով, և համոզմունք է հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար, և կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար:
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով, ու կարևորել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: