Մատչելիության հղումներ

Ուրցաձորցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը


Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել:

Մասնավորապես նշում են, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Վերջինս պնդում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում:

Գյուղացիները ասում են նաև, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:

«Մենք ուղղակի պահանջում ենք համայնքապետի հրաժարականը: Ունենալու ենք նոր համայնքապետ, ով կաշխատի հավասարազոր բոլորի համար: Եթե մինչև ժամը 6-ը մեր համայնքապետը չտվեց իր հրաժարականը, մի մարդու պես՝ էրեխոքով, մայրերով, քույրերով փակում ենք միջպետական ճանապարհը», - ասում էին ցուցարարները:

Արարատի մարզպետի խորհրդականը նրանց հորդորեց չդիմել կտրուկ քայլերի, իսկ համայնքապետին հորդորեց ընդառաջ քայլ անել՝ հնարավորություն ստեղծել համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

«Ժողովուրդը էսօր ոչ թե հրաժարական ա ուզում, այլ ընտրելու հնարավորություն ա ուզում: Տարիներ շարունակ էս ժողովուրդը ընտրության իրավունքից զրկված ա էղել: Էս համայնքի ղեկավարները, Ազգային ժողովը, որ «ընտրվել» են, իրանք չեն ընտրվել: Դա արվել ա ահռելի ընտրակաշառքների, ճնշումների․․․ բոլոր էդ նեգատիվ միջոցների կիրառմամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ: Ես համարում եմ, որ էսօրվա Ազգային ժողովը, համանքների ղեկավարների մեծամասնությունը լեգիտիմություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետի խորհրդականը:

Գյուղապետարանի մոտ հավաքվել են նաև գյուղապետի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից, ասում են, որ նա գյուղապետարանի նոր շենք է կառուցել, շուտով կսկսի գործել մանկապարտեզը:

«Ես հրաժարական տվողի դեմք ու դիրք ունե՞մ: Դուք տեսաք․ պատերը խոսում են, էլ ես ինչ խոսեմ: Իմ արած աշխատանքը հենց խոսուն ա, ինքը լեզու ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:

Արձագանքելով մարզպետի խորհրդականի՝ նոր ընտրություններ անցկացնելու հորդորին, Անդրեասյանն ասաց․ - «Ո՞վ է ասում, որ մեր ընտրությունները արդար չեն եղել: Մարզպետի խորհրդականը եթե նման բան ա ասել, չարաչար սխալվում ա: Ես ո՛չ մարզպետարանի ենթական եմ, ո՛չ էլ էն․․․․ Ես խոստում ունեմ տված քվեների դիմաց, ես իմ աշխատանքով շնորհակալություն եմ հայտնելու, միշտ էլ հայտնել եմ»:

Նշենք, որ 5 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բյուջեն կազմում է շուջ 120 մլն դրամ:

Գյուղապետի հրաժարականը պահանջողները հայտարարում են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիան, մինչև Անդրեասյանի չհրաժարվի պաշտոնից: Նրանք մերժեցին համայնքի ղեկավարի առաջարկը՝ գյուղապետարանի շենքի դահլիճում քննարկել խնդիրները:

Գյուղապետն ու նրա աջակիցները, մինչդեռ, հայտարարում են, որ հրաժարականի պատճառներ չկան:

Գյուղապետը, մինչդեռ, հայտարարեց, որ հրաժարական չի տալու, փակեց գյուղապետարանի դռներն ու հեռացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG