Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ․ Համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումների արդյունքները: Հանդիպումները կազմակերպվել են միջնորդների ջանքերով, դրանց ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

«Համանախագահները և նախարարները քննարկեցին իրավիճակը տարածաշրջանում և խնդրեցին պարզաբանել վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել», - հայտարարում են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը՝ առանց մանրամասներ նշելու: Միջնորդները նաև խորը մտահոգություն են հայտնել մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից:

Եռանախագահներն ընդգծում են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը», - նաև հայտարարում են Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները՝ տեղեկացնելով, որ նախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ նորից հանդիպել: Միջնորդները հայտնում են, որ մոտ ապագայում պլանավորում են այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG