Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Էմոմալի Ռահմոնը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում:
Տաջիկստանի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:
Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: