2016-ին Սարի թաղի դեպքերից տուժած լրագրողները դժգոհ են Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումից, որով քրեական գործը կասեցվել է, քանի որ մեղադրյալի անձը հայտնի չէ:
Լրագրող Ռոբերտ Անանյանն ու ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանն այս որոշումը վիրավորական են համարում:
«Մենք հեղափոխությունից հետո ժողովրդավար պետություն ենք դարձել և նոր պատմություն ենք գրում: Ի՞նչ պատմություն ենք գրում․ պատմություն, որտեղ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերը կասեցվո՞ւմ են», - «Ազատությանն» ասաց Ռոբերտ Անանյանը:
Գևորգ Ղարազարյանը նշեց․ - «Ինձ մոտ ներքին վստահություն կար, որ այս իրավիճակը փոխվել է, և լրագրողները պրեորիտետ են, և պետք ա այն անարդարությունը, որ մեզ հետ պատահել ա, ինչ-որ լուծում ստանա»:
Երկու տարի առաջ՝ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին, հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիան լուսաբանող ցուցարարների և լրագրողների վրա: Ոստիկանների արձակած պայթուցիկներից վնասվածք ստացած լրագրող Ռոբերտ Անանյանի հետ տեղի ունեցածը վերհիշեցինք դեպքի վայրում:
Անանյանն ասաց, որ հատկապես հեղափոխությունից հետո չեն ցանկանում, որ իրենց ծեծի ենթարկելու գործը վիճարկվի Եվրոպական դատարանում․ - «Այն բանից հետո, երբ Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրեցին մեկ թե երկու գործի շրջանակում՝ Խորենացի և Բաղրամյան, ես ուղղակի վստահություն ունեմ, որ փորձում է իշխանությունը մարդասիրություն ցուցաբերել և խնայել Լևոն Երանոսյանին: Քանի որ, եթե Սարի թաղի դեպքերով իրեն մեղադրանք առաջադրվի, ինքը ուղղակի համաներման հույս էլ չի կարող ունենալ: Կարծում եմ, էս հասարակական և լրագրողական համայնքի արձագանքը տեսնելով, Հատուկ քննչական ծառայությունը շատ լուրջ կմտածի․ արդյո՞ք ինքը ուզում է, որ մեկ տասնյակի հասնող լրագրողներ Եվրոպական դատարանում տարիներ հետո հաղթեն իրենց պետությանը: Մեր ուզածը բացարձակ դա չի»:
Ֆոտոլրագրող Գագիկ Եղիազարյանը հիշում է, որ երբ բախումներ են սկսվել, ոստիկանները լրագրողներին հորդորել են հավաքվել մոտակայքում գտնվող ծառի տակ: Նա պնդեց, թե ոստիկանների խնդրանքին ընդառաջելուց հետո առաջին մի քանի պայթուցիկներն ուղղվել են հենց իրենց՝ լրագորղների ուղղությամբ:
Վարույթի կասեցումը, Եղիազարյանի խոսքով, նշանակում է, որ երկու տարի ոչինչ չարած՝ գործը փակել պահարանում․ - «Իրանց նպատակը նաև դա էր, որպեսզի լրագրողների խումբը ցրվի, և նրանք չկարողանան համատեղ աշխատել: Ռացիայով կապվեցին ոստիկանության ներկայացուցչի հետ, ասեցին՝ մերոնք իջնում են: Եվ մերոնք, պարզվում ա, մահակներով, արմատուրաներով ինչ-որ․․․ չգիտեմ․․․ մարդիկ են: Մեկը արդեն էդ խուժանից, քաղաքացիական հագուստով, վերցրել էր ֆոտոս ու պարզապես իջավ ներքև, գնաց: Ես իրա հետևից գնացի, ըտեղ արդեն սպառնալիքներ մահակներով և այլն, որ՝ ավելի լավ ա, դու մեր հետևից չգաս, որովհետև քո համար վատ կավարտվի: Էդ մոմենտին ինձ խփում էին ոտով, բայց եթե մահակների տակ ընկնեի, էդ ուրիշ էր: Երկու տարի գործը նախաքննության ընթացքում ա գտնվել, հիմա արդեն կասեցնել, նույն բանն ա, ինչ կարճել, նույնն բան ա, ինչ դնել արխիվում մի կողմ»:
Սարի թաղի բախումներից տուժել էին նաև «Ազատության» լրագրողներն ու օպերատորները: Հովհաննես Մովսիսյանին, օրինակ, հետապնդել են հենց «Ազատության» ուղիղ եթերում:
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանն ասաց, որ վարույթը կասեցվել է, բայց դա չի նշանակում որ քննչական գործողությունները չեն շարունակվելու:
Օհանջանյանի փոխանցմամբ՝ հանձնարարություն է տրվել նաև ոստիկանությանը․ - «Կարևորելով նշված քրեական գործի ընթացքը՝ հանձնարարականներ են տրվել հետաքննության մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տարածված տեսանյութերում, լուսանկարներում պատկերված ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնություն պարզելու և նրանց նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ: Հենց որ նրանք ներկայացվեն վարույթն իրականացնող մարմնին, այդ ժամանակ քրեական գործով կասեցված վարույթը կվերսկսվի: Այսինքն, գործով վարույթը կասեցնելուց հետո թե՛ քննչական գործողությունները և թե՛ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվելու են»: