Մատչելիության հղումներ

Մայր թատրոնը բացում է 96-րդ թատերաշրջանը


Այս երեկո Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Սամսոն Մովսիսյանի «Սասնա Ծռեր» բեմադրության առաջնախաղով կբացի 96-րդ թատերաշրջանը: Բեմադրության առանցքային դերակատարներից է Խորեն Լևոնյանը, ում համար սա նույնպես առաջնախաղ է Մայր թատրոնի բեմում:

«Կարծում եմ, շատ երիտասարդական, շատ ավյունով լի, շատ գույներով, շատ հետաքրքիր․․․ հենց էպոսի չորս հատվածներն էլ օգտագործվել են: Կա նոր հայացք, կա այսօր ապրող հայ մարդու հայացք», - ներկայացվելիք առաջնախաղի մասին «Ազատության» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Խոսելով բացվող թատերաշրջանի մասին՝ Մկրտչյանը նշեց․ - «Եվս նոր առաջնախաղ․․․ բայց դեռ որոշակի ճնտումներ ունենք: Նաև ունենք հստակ մի գաղափար՝ մանկական ներկայացման: Ինչպես գիտեք, անցած տարի մեր «Սառցե սիրտը» բավական մեծ աղմուկ հանեց, և ոչ պակաս աղմուկ պետք է հանի այս ստեղծագործությունը, որը արդեն ամբողջովին հայկական է: Մենք դիմել ենք Մշակույթի նախարարություն, հուսանք կունենանք աջակցություն, և վստահ եմ, որ դրա իրականացումը մեծ հաջողություն է ունենալու»:

Թատրոնի տնօրենն ասաց, որ այսօր խաղացանկում ունեն մոտ քսան ներկայացում: Հանդիսատեսի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնակիից ավելի աճել է՝ մոտ 105 տոկոսով․ - «Դա, կարծում եմ, կապված է ղեկավարման քաղաքականության հետ․ նոր ներկայացումներ ունեցանք: Ունեցանք «Մեծապատիվ մուրացկանների» առաջնախաղը, ունեցանք «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման առաջնախաղը, ունեցանք «Սառցե սիրտը»: Ցանկացած նոր ներկայացում բերում է նոր ալիք: Իմ սկզբունքներից է, որ թատրոնը մաքսիմալ պետք է բաց լինի, մաքսիմալ պետք է գնա դեպի հանդիսատեսը, թափանցիկ լինի, հասանելի լինի»:

Հարցին, թե ունենալու են արդյոք հրավիրված բեմադրիչներ, կ արդյոք կբեմադրվեն ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, Վարդան Մկրտչյանն արձագանքեց․ - «[Հրավիրյալ բեմադրիչներ] ունենք: [Ժամանակակից հեղինակների առումով] Մենք հայտարարեցինք․․․ Ցավոք սրտի, մեզ դիմողների թիվը այնքան քիչ էր և այնքան խեղճ էր․․․ Երկու-երեք դիմող կար: Ընդ որում, մենք հայտարարել էինք մեկ բան՝ որ մենք ուզում ենք ժամանակակից հայ դրամատուրգ և ժամանակակից, երիտասարդ բեմադրիչ: Այսինքն, ուզում ենք հասկանալ, թե երիտասարդները ինչպես կարող են․․․ Նոր ճանապարհ գտնելու լուծում էինք տեսնում սրա մեջ: Դիմողները, որ եղան, կա՛մ դրամատուրգն էր ուղղակի դիմում, կա՛մ ուղղակի ռեժիսորն էր դիմում՝ առանց դրամատուրգի: Մենք, իհարկե, փորձում ենք նույնիսկ էդ երկու-երեք հոգու հետ աշխատել և որոշակի ճանապարհ գնալ, բայց դա այն արդյունքը չէր, որ մենք ակնկալում էինք: Մենք պարոն Էլբակյանի հետ մտածում էին, որ այդ հայտարարությունից հետո առնվազն մի 15-20 ընտրություն պիտի ունենանք, և այդ 15-20-ի միջից 3-4-ը արդեն լուրջ բան էր՝ սկսելու համար: Դա իրականությունն է, պիտի հաշվի նստենք, պիտի մտածենք․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG