Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ այսօր պաշտոնական այցով Գերմանիա է ժամանում Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Էրդողանի եռօրյա այցը տեղի է ունենում թուրք-գերմանական լարված հարաբերությունների, թուրքական տնտեսությունում առկա խնդիրների ֆոնին։
ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվեցին 2016 թվականին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիներ հայտնվեցին ճաղերի հետևում, շատ դեպքերում՝ առանց իրավական հիմնավորումների:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանի այցն ուղեկցվելու է տասնյակ բողոքի ակցիաներով: Մասնավորապես՝ ուրբաթ օրը Բեռլինում նախատեսված է բազմահազարանոց ցույց՝ «Էրդողանը սպասված չէ» կարգախոսի ներքո:
Չի բացառվում, որ կլինեն նաև միջոցառումներ ի աջակցություն Թուրքիայի առաջնորդի: Գերմանիայում բնակվող շուրջ 3 միլիոն ազգությամբ թուրք քաղաքացիների գրեթե երկու երրորդը կողմ է քվեարկել Էրդողանին նոր լիազորություններ շնորհելու հարցով սահմանադրական վիճահարույց հանրաքվեին:
Ինչպես հեգնանքով նշում է հեղինակավոր The Economist պարբերականը, Էրդողանի նկատմամբ հակակրանքը Գերմանիայի բոլոր քաղաքական շրջանակներին միավորող եզակի երևույթներից է: Ձախերն ու կանաչները նրան մեղադրում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների մեջ` հատկապես քրդաբնակ շրջաններում, կենտրոնամետները՝ կանցլեր Անգելա Մերկելի և նրա Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավորությամբ, հաճախ են քննադատում Էրդողանի իսլամական, ազգայնական դրսևորումներն ու նրա կողմից այլախոհության վերացմանն ուղղված քայլերը, ծայրահեղ աջերն էլ դեմ են Թուրքիայի կողմից Գերմանիայում մզկիթ կառուցելուն:
Ի դեպ, Քյոլնում այդ մզկիթի բացման հանդիսավոր արարողությանն անձամբ ներկա կլինի Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահը Գերմանիայում հանդիպումներ կունենա նաև կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ. վերջինիս կողմից Բելվյու պալատում Էրդողանի պատվին պետական ճաշկերույթ կտրվի, որին, սակայն, ներկա չի լինի երկրի կանցլերը:
Էրդողանի այցը Գերմանիա թե՛ Բեռլինում, թե՛ Անկարայում գնահատում են որպես երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելուն ուղղված կարևոր քայլ։
Թուրքիայի նախագահն այցի նախօրեին շեշտել էր՝ «գլխավոր նպատակը լարվածությունն անցյալում թողնելն է»:
Էրդողանի վարչակազմն այդ ուղղությամբ արդեն իսկ որոշ քայլեր է նախաձեռնել՝ ազատ արձակելով գերմանացի լրագրող Դենիզ Յուցելին, իսկ Մեսալ Թոլուին էլ թույլ տալով վերադառնալ հայրենիք: Երկուսն էլ Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչական հանցանքներում: Պաշտոնական Բեռլինը ամիսներ շարունակ պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց:
Գերմանիայի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ Bild պարբերականը, մեկնաբանելով Էրդողանի՝ նախագահի պաշտոնում առաջին գերմանական այցը, գրում է, որ շատ վաղ է կարմիր գորգ փռել մի անձի առջև, ով ընդամենը 18 ամիս առաջ Բեռլինին մեղադրում էր «նացիստական գործելաոճի մեջ», այն բանի համար, որ գերմանական իշխանությունները համարձակվել էին սեփական երկրում արգելել այլ երկրի ղեկավարի լիազորություններն ավելացնելու հարցով հանրաքվեի քարոզչություն իրականացնել՝ բազմամարդ հանրահավաքների միջոցով: