Մատչելիության հղումներ

Հարկավոր է ստեղծել ԼՂ խաղաղ գործընթացն առաջ մղելու բարենպաստ մթնոլորտ. Տիգրան Բալայան


Հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն ղարաբաղյան խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Ընդգծելով, որ հանդիպումներից հետո Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, Բալայանը շեշտեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է ունենա բովանդակություն։

«Որպեսզի հանդիպեն մեր վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ չպետք է լինի ինքնանպատակ, դա պետք է ունենա բովանդակություն, բովանդակություն լինելու պարագայում պետք է լինեն պայմանավորվածություններ, օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես էինք պայմանավորվում և Ադրբեջանը հետ էր կանգնում։ Հիմա, այո, Փաշինյանը շեշտել է և առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, խոսքը վերաբերում է ապրիլյան ագրեսիայից հետո գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես՝ հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացմանը», - ասաց Բալայանը՝ շարունակելով. - «Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք ասելու և հիմա էլ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը մինչ օրս արգելափակում է այդ պայմանավորվածությունների իրականացումը՝ 2016 թվականից մինչ օրս Ադրբեջանի կողմից արգելափակվում է ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի՝ ավելացնելու ֆինանսավորումը գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, Ադրբեջանը միակ երկիրն է, որ արգելափակում է այդ որոշման կայացումը։ Խոսքը վերաբերում է այդ պայմանավորվածություններին, և, այո՛, մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։

ՀՀ ԱԳՆ խոսնակը նշեց, որ այս հարցերը կդնեն այսօր Նյու Յորքում կայանալիք Զոհրաբ Մնացականյան -Էլմար Մամեդյարով հանդիպմանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG