Ռուսաստանի Պետդուման այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը։
Կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ռուսաստանում։ Գրեթե բոլոր քաղաքներում անցել են հավաքներ և երթեր, եղել են նաև բախումներ ոստիկանության հետ:
Կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացման դեմ բողոքում են ընդդիմադիր բոլոր ուժերը՝ և' Պետդումայում ներկայացված համակարգային ընդդիմություն հանդիսացող Կոմունիստական կուսակցությանը, և' Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատները (ԼԴՊՌ), և՛ լիբերալ ընդդիմությունը, որը ներկայացված չէ Պետդումայում։
Այսօր կոմունիստները մտադիր են Պետդումայի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մեղմել բարեփոխումները, մասնավորապես՝ կանայք թոշակի անցնեն ոչ թե 63, այլ՝ 60 տարեկանում, տղամարդկանց համար թոշակի անցնելու տարիքը մնա նույնը՝ 65 տարեկանը։ Այսօր ռուսաստանցի կանայք թոշակի են անցնում 55 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 60։
Պուտինը ժամանակին հայտարարել էր, թե քանի դեռ ինքը երկրի ղեկավարն է, թոշակի անցնելու տարիքը չի փոխվելու, սակայն ստիպված է եղել պաշտպանել կառավարության նախաձեռնությունը՝ բացատրելով, թե հակառակ դեպքում բյուջեն լուրջ խնդիրներ կունենա։
Կառավարության և իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշն այս ֆոնին կտրուկ նվազել է. սեպտեմբերին Ռուսաստանի մի շարք մարզերում անցած ընտրություններին իշխող կուսակցության ներկայացուցիչները պարտվել են կոմունիստներին և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուներին։ Այսպես՝ չորս մարզերում նահանգապետ է ընտրվել կա՛մ Կոմունիստական, կա՛մ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող թեկնածուն։
Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը երրորդ անգամ և վերջնական քվեարկության կդրվի արդեն վաղը։
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կարող է առանց կոմունիստների և լիբերալ-դեմոկրատների անցկացնել այս օրինագիծը։