Մատչելիության հղումներ

Նոր ավագանին «այլևս քաղաքապետի որոշումներ դակող չի լինելու»


Վարչապետի խորհրդական, «Իմ քայլը» դաշինքից ավագանու թեկնածու Նիկոլայ Բաղդասարյան
Վարչապետի խորհրդական, «Իմ քայլը» դաշինքից ավագանու թեկնածու Նիկոլայ Բաղդասարյան

Հոկտեմբերի 10-ին կգումարվի Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, ինչը նախատեսված է մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքով։ Նույն օրենքը նաև նախատեսում է, որ եթե ընտրությունների արդյունքով ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին ստանում է մեկ կուսակցություն կամ դաշինք, ապա այդ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով դառնում է ընտրված քաղաքապետ՝ առանց ավագանու քվեարկության։

Ավագանու ընտրությունների նախնական արդյունքով Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, «Բարգավաճ Հայաստանը»՝ 5, իսկ «Լույս» դաշինքը 3 մանդատ։

Իրավաբան, վարչապետի խորհրդական, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքից ավագանու թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քաղաքապետը կմնա ավագանու կազմում, առաջին փոխքաղաքապետը ևս օրենքով կնշանակվի ավագանու կազմից, թեև կոնկրետ թեկնածություն դեռ չեն քննարկել:

Առայժմ չեն նշում նաև, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակից որ թեկնածուները, հնարավոր է վայր դնեն ավագանու մանդատը․ - «Ավագանին այնքան էլ իրականում ծանրաբեռնված չէ, որովհետև ինքը ներկայացված ա, ճիշտ ա, հանձնաժողովներում․․․ հանձնաժողովի նախագահները կարող ա ծանրաբեռնված լինեն, բայց ավագանին՝ չէ: Ոչ մի խոչընդոտ չկա, որ դու այլ տեղ աշխատելով, մնաս ավագանի:

Մինչ այդ «Լույս» դաշինքն արդեն հայտարարում է, որ քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանը, ավագանու մանդատը վայր է դնելու՝ շարունակելով աշխատել կառավարությունում։ «Լույս» դաշինքից ավագանու աթոռները կզբաղենեն Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հետ այսօր կապ հաստատել այդպես էլ չստացվեց, բայց ինչպես «Առավոտին» հայտնել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Զոհրաբյանը ևս պատաստվում է հրաժարվել ավագանու մանդատից՝ շարունակելով գործունեությունը Ազգային ժողովում։

Արդեն հոկտեմբերի 10-ից Երևանի քաղաքապետարանում իշխանություն ստացող «Իմ քայլը» դաշինքին կհակակշռեն ընդամենը 8 ընդդիմադիր ավագանի: Արդյո՞ք «Լույսի» ու ԲՀԿ-ի փոքրաթիվ խումբը կկարողանա իսկապես հակակշռել իշխող դաշինքին քաղաքապետարանում։

«Առաջ ամեն ինչը անձնական շահի վրա էր դրած․․․ Երբ որ վերացել ա էդ կոռուպցիոն շղթան, ըտեղ արդեն առաջանում ա ավագանու դերի բարձրացում: Ես համոզված եմ, որ ավագանիները մի տեսակ չեն կարող մտածել, որովհետև 57 ավագանի կա մի դաշինքում և իրանք տարբեր ձև կմտածեն, և իրոք կըլնի հակակշռի, զսպման մեխանիզմը և՛ քաղաքապետի, և՛ միմյանց նկատմամբ», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Երևանի ավագանու կազմ անցած Բաղդասարյանի կարծիքով, կարևորը, որ ձևական ժողովրդավարությունը արդեն անցյալ է, ինչի շնորհիվ նոր ավագանին այլևս քաղաքապետի որոշումներ դակող չի լինելու․ - «Եթե գտնվեր ընտեղ 7 դաշինքներ կամ 7 կուսակցություններ, եթե լիներ ձևական ժողովրդավարություն, իմիտացիա, մեկ ա կլիներ մոնոպոլիզացիա: Այնինքն, խնդիրը նրա մեջ չի վերաբերում, թե քանի քաղաքական ուժեր են ներկայացված, խնդիրը նրա մեջ ա վերաբերվում, թե ինչպիսի ժողովրդավարական պետության մեջ ենք ապրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG