Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է անում մեկուսացնել Իրանին


«Միացյալ Նահանգներն այսօր շատ ավելի ուժեղ է քան երկու տարի առաջ, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը», - քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` դիմելով դահլիճում հավաքված պետությունների ղեկավարներին: Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան ղեկավարը պնդեց, որ Վաշինգտոնը ցանկանում է հարաբերություններն աշխարհի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքի վրա:

«Միացյալ Նահանգները ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել: Մենք միայն մի խնդրանք ունենք փոխարենը` դուք էլ հարգեք մեր ինքնիշխանությունը», - հայտարարեց Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից:

Ինչպես և կարելի էր ենթադրել, Թրամփի ելույթի մի զգալի մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին: Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է կոշտ հրեռոտառաբանություն կիրառել` կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Վաշինգտոնի քայլերին․ - «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը: Փոխարենը Իրանի ղեկավարները թալանում են երկրի ռեսուրսները` գնալով ինքնահարստացման ճանապարհով: Իրանի ժողովուրդն իրավացիորեն վրդովված է, որ իր ղեկավարները երկրի հարստությունը հանդիսացող միլիարդավոր դոլարներ են թալանել»:

Խոսելով սիրիական խնդրից` Թրամփը կրկին կենտրոնացավ Իրանի հարցի շուրջ: Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ, Սիրիայում խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի կարող գործուն նշանակություն ունենալ, եթե այն չի լուծում Թեհրանի միջամտության հարցը սիրիական պետության ներքին գործերին:

ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ, իր մերձավորաևելյան քաղաքականության ևս մեկ ակնառու հաջողությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր․ - «Այս տարի մենք ևս մեկ կարևոր քայլ ձեռնարկեցին Մերձավոր Արևելքում: Ես տեղափոխեցի ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ: Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է պատանդ հանդիսանա տարատեսակ հին դոգմաների, վարկաբեկված գաղափարախոսությունների և այսպես կոչված փորձագետների ձեռքում, որոնց հաշվարկները տարիներ շարունակ կրկին ու կրկին սխալ են դուրս գալիս»:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Թրամփը բավական կոշտ քննադատության ենթարկեց նաև ԵՄ առաջատար պետության` Գերմանիայի իշխանություններին, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի կառուցման գործում․ - «Եթե Գերմանիան անհապաղ կերպով չփոխի իր քաղաքականությունը, այն լիակատար էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ռուսաստանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG