Մահացողը կայանի աշխատակիցներից է՝ Վահրամ Գասպարյանը: ԲԿ-ի ղեկավարության հավաստմամբ, Գասպարյանը կայան է եկել ոչ իր հերթափոխի օրը, լիցքավորել է հիվանդանոցին չպատկանող բալոն: Ինչ նպատակով՝ տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը չգիտի․ - «Մեր բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, իսկ այդ բալոնը՝ 45: Էդ բալոնը մեր համար հանելուկ մնաց: Ըստ երևույթին օպերատորը ինքն է բերել, իրա համար երևի լիցքավորեր, տաներ»:
Աշխատակիցներն առանց տեսախցիկի ասում են, թե մահացողը տանը բուժում ստացող հիվանդ բարեկամ ուներ, թթվածնային բալոնը Վահրամ Գասպարյանը բարեկամին օգնելու համար էր լիցքավորում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը պնդում է, թե նախադեպերի մասին տեղյակ չի եղել, թթվածնային կայանում այլ բալոն լիցքավորելու՝ իրեն հայտնի առաջին դեպքն է․ - «Վերահսկողը պետք է լիներ թթվածնի կայանի պատասխանատուն, և այսօրվա տեխնիկ-օպերատորը՝ շուրջօրյա պոստի պատասխանատուն»:
Ինչո՞ւ է պայթյունի հետևանքով մահացողը իր ոչ աշխատանքային օրը գտնվել կայանի տարածքում և ո՞ւմ թույլտվությամբ է լիցքավորել բալոնը՝ հիվանդանոցի ղեկավարությունը չի կարողանում պատասխանել, միայն ընդունում են՝ եղել է թերացում:
Անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը հավաստիացրեց, կայանը սարքին է, պայթյունից հետո էլ շարունակում է աշխատել: Պայթյունի պահին տարածքում ևս մեկ աշխատակից է եղել՝ կայանի այսօրվա պատասխանատուն:
Երկրորդ տուժողի ուսը և թևն է վնասվել: Ըստ հիվանդին այցելած առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, նրա վիճակը նորմալ է:
Մահացած Վահրամ Գասպարյանը մոտ 40 տարեկան էր, ուներ երկու մանկահասակ երեխա, կինը, ըստ տնօրենի, նույն հիվանդանոցի աշխատակից է: