Մատչելիության հղումներ

Աշոտ Մելիքյան․ Քրեաօլիգարխիկ համակարգը դուրս շպրտվեց ընտրություններից


«Քրեաօլիգարխիկ համակարգը դուրս շպրտվեց ընտրություններից», -ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նաև ընդգծելով, որ այս ընտրություններին լրագրողներն անկաշկանդ իրականացրեցին իրենց առաքելությունը:

«Այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից, և դա վերաբերում է նաև լրագրողների գործունեության պայմանններին», - հայտարարեց նա:

Այդուհանդերձ, կոմիտեն արձանագրել էլրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքի խոչընդոտման մի քանի դեպք․ - «Դիանա Դավթյանի ձեռքին խփելով տարածքային հանձնաժողովի նախագահը համառորեն պահանջում էր, որպեսզի ինքը միկրոֆոնը մի կողմ քաշի, նաև էնտեղ խոչընդոտվել է օպերատորի աշխատանքը: «Անկախ դիտորդ» առաքելության մոնիտորինգի տվյալները այդ օրը հրապարակվեցին: Եվ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, խոչընդոտեցին այդ գործընթացը»:

Սեդա Մուրադյան, Մեդիա-կենտրոնի ղեկավար
Սեդա Մուրադյան, Մեդիա-կենտրոնի ղեկավար

«Մեդիա կենտրոն» նախագծի ղեկավար Սեդա Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրանց համակիրների կողմից իրենց սրահում դիտորդների ասուլիսը խոչընդոտելու կապակցությամբ իրենք դատապարտող հայտարարություն են տարածել․ - «Բանավեճերին մենք միշտ կողմնակից ենք, քննարկումների կողմնակից ենք, և հենց հարթակը դրան է ծառայում: Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա բարեկրթության սահմաններում: Իսկ այն, ինչ որ տեղի ունեցավ մեզ մոտ, դա բարեկրթության սահմաններից դուրս էր, ավելին՝ դա շատ կոպիտ միջամտություն էր միջոցառման ընթացքին: Մեր հայտարարությունից հետո մեզ հետ որևէ մեկը կապ չի հաստատել: Երևի թե արժեր, որ կուսակցությունը գոնե ափսոսանք հայտներ միջադեպի կապակցությամբ»:

Քվեարկության օրը 1in.am-ի լրագրող Դիանա Դավթյանն ու օպերատորն ահազանգով գնացել էին 8/05 տեղամաս: Լրագրողի խոսքով, լարված մթնոլորտ է եղել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձը խոչընդոտել է իրենց օպերատորի աշխատանքը․ - «Ներկայանում եմ ես, որ լրատվամիջոցից եմ, անուն, ազգանուն և այլն: Ասում եմ՝ կհիմնավորե՞ք, պարոն Մանուկյան, ինչո՞ւ էիք եկել ընտրատեղամաս, ի՞նչ գործով էիք եկել: Ու երբ նա աստիճաններով արագ-արագ իջնում է, չի կանգնում, ասում եմ՝ խնդրում եմ, կանգնեք մեկ րոպե, այդ պահին ես լսում եմ իմ օպերատորի գոռոցը․․․ Ես պտտվում եմ, տեսնում եմ, որ պատգամավորի հետ եկած անձը ձեռքը դրել ա իմ օպերատորի ուսին ու փորձում ա հետ քաշել, ու նաև բռնել է տեսախցիկի շտատիվից, որ չնկարահանենք հավանաբար պատգամավորի հետ հարցազրույցը»:

Նույն տեղամասում խոչընդոտվել է նաև Դիանայի աշխատանքը: Լրագրողի խոսքով, իրավիճակը լարված է եղել, ինքը բարձրախոսն այնպես է մեկնել, որ ձայնագրվի բոլորի խոսքը, իսկ տեղամասի ղեկավարը բռնել է իր ձեռքից ու ուժով մի կողմ հրել․ - «Այդտեղ միջամտում ա արդեն Դանիել Իոաննիսյանը, ասում ա՝ դուք ի՞նչ իրավունք ունեք լրագրողի աշխատանքին եք խոչընդոտում, բռնություն եք գործադրում»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ Երևանի ավագանու նախորդ ընտրությունների քարոզարշավին ու քվեարկության օրը իրենք արձանագրել էին լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 2 և 5 տարատեսակ խոչընդոտումների դեպքեր։

Մելիքյանը նշեց, որ «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած լրագրողներից մեկն ու նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը միայն վերջերս են հրավիրել ՀՔԾ՝ առերեսվելու:

Կոմիտեն նաև երեկ է տեղեկացել, որ հուլիսի 19-ին Սարի թաղում տուժած ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի գործը ՀՔԾ-ն կարճել է - «Դա մեզ համար տարօրինակ է: Դա մենք ասում ենք, որ անարդյունավետ նախաքննություն է իրականացվում: Բայց հիմա արդեն է՛լ ավելի շատանում են փաստարկները, ստացվում է, որ ՀՔԾ-ն կարճում է, այն էլ ինչ հիմնավորմամբ՝ այդ հանցագործությունը կատարողին գտնելու անհնարինության պատճառով: Մենք, իհարկե, այս որոշումը ՀՔԾ-ի բողոքարկելու ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG