Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թթվածնային կայանում այսօր տեղի ունեցած պայթյունից մահացածը կայանի տեխնիկական աշխատող 42-ամյա Վահրամ Գասպարյանն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի ղեկավար Արման Հովակիմյանը։
Հովակիմյանի խոսքով՝ թթվածնային կայանը բժշկական կենտրոնի ենթակայության տակ է գտնվում և այստեղ պարբերաբար ստուգումներ են իրականացվում։ Հարցին, թե վերջին ստուգումը ե՞րբ է կատարվել, կենտրոնի ղեկավարը չկարողացավ պատասխանել։
Արման Հովակիմյանի փոխանցմամբ, Վահրամ Գասպարյանն այսօր հերթափոխի չի եղել և պետք է կայանում չլիներ, իսկ այն բալոնը, որը լիցքավորվել է, բժշկական կենտրոնին չի պատկանել։
Գասպարյանի հետ կենտրոնում է եղել նաև օրվա հերթապահ աշխատողը, վերջինս թեթև վնասվածքներ է ստացել։
Նշենք, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մոտ ժամը 12-ին պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների, թթվածնային բալոն է պայթել, կա մեկ զոհ։