Մատչելիության հղումներ

«Եթե հեղափոխությունը պաշտպանելու հարցն էր դրվելու, այս արդյունքն էր արձանագրվելու». Մարուքյան


Հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի 3-րդ տեղը զբաղեցնելն արդեն մեծ բան է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, «Լույս» դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այս էքստրաօրդինար, նոր իրողությունների պայմաններում առաջին ընտրություններն էր, որտեղ ես կարծում եմ՝ երրորդ տեղ ընկնելն էլ մեծ բան էր և մի դաշինքի համարը, որը ստեղծվել է մոտավորապես 20-25 օր առաջ և որը, ըստ էության, հետապնդում էր 15 տարի առաջ ստեղծված, ամենամեծ ռեսուրսներ ունեցող ուժին: Այսինքն, մենք «Բարգավաճ Հայաստանից» երկու մանդատով պակաս մանդատ ենք վերցրել», - պարզաբանեց պատգամավորը:

Սեպտեմբերի 23-ին անցկացված ընտրություններում «Լույս» դաշինքը ստացել է ձայների 4, 95 տոկոսը կամ 18 հազար 112 քվե: Սա նշանակում է, որ նորընտիր ավագանիում «Լույս» դաշինքը կստանձնի երեք մանդատ: Մարուքյանը դժգոհեց, որ Երևանի ավագանու մանդատների 90 տոկոսը զբաղեցրած «Իմ քայլը» դաշինքը հակակշիռ չունի․ - «Այսինքն՝ մենք 3 մանդատ ունենք 57 մանդատին հակակշռելու: Սա էլ, ըստ էության, լավ բան չէ: Ովքեր որ հասկանում են ժողովրդավարությունից և կառավարման տրամաբանությունից, հակակշիռների մեխանիզմներից, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ»:

«Լույս» դաշինքը չի էլ հաղթահարել Երևանի ավագանու անցողիկ 8 տոկոսի շեմը, սակայն Ընտրական օրենսգրքի պահանջով պետք է ավագանին ձևավորվի ընտրություններին մասնակցած առնվազն երեք ուժից: Կուսակցությունների դեպքում անցողիկ է համարվում 6 տոկոսը, իսկ դաշինքների՝ ութ: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե 6 և 8 տոկոս քվե ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը: Մարուքյանը իրենց ակնկալածից պակաս քվե ստանալը պայմանավորում է քաղաքացիների հեղափոխական տրամադրություններով․ - «Պետք է հաշվի առնել, որ սա հետհեղափոխական իրավիճակ է, և երբ հարց էր դրվում վստահության, երբ հարց էր դրվում մանդատ ստանալու պառլամենտը ցրելու կամ հեղափոխությանը պաշտպանելու, բնականաբար այսպես էլ լինելու էր: Սա սովորական ՏԻՄ ընտրություններ չէին, սա պետք է բոլորս հասկանանք: Այսինքն, մեր մրցակցությունը Հայկ Մարությանի հետ չէր»:

Այդուհանդերձ, պատգամավորը համարում է, որ այս ընտրություններով ջնջվեց պետության վրա դրոշմված ընտրակեղծարարության խարանը: Կոտրվեցին որոշ քաղաքական ուժերի նկատմամբ հանրության կարծրացած կարծիքը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ուրվագծվեցին քաղաքական նոր դերակատարները․ - «Այն, որ միֆեր կոտրվեցին՝ դա ակնհայտ է: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ վերադասավորումները, որ հեղափոխությունից հետո պիտի լինեին, այս ընտրությունները դրա առաջին քայլն էր: Ըստ էության ֆիքսեց մի իրավիճակ, թե խաղացողներից ովքեր կարող են ինչ֊որ դերակատարում ունենալ և որը՝ որքան»:

«Լուսավոր Հայաստան և Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված «Լույս» դաշինքը այս ձևաչափով էլ կպատրաստվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG