Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է ազատ արձակել բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնին


Թուրք-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամի պատճառ դարձած ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնը հնարավոր է շուտով տուն վերադառնա:

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով թուրք և ամերիկացի պաշտոնյաների՝ թերթին տված մեկնաբանություններին, գրել է, թե շուրջ երկու տարի Թուրքիայում բանտարկված պաստոր Բրանսոնը հոկտեմբերի 12-ին կայանալիք դատական նիստում կարող է ազատ արձակվել:

Թուրք պաշտոնյան, որի անունը չի նշվում, թերթին ասել է՝ Բրանսոնի ազատ արձակումը «հավանական ելք» է համարում, սակայն այս արդյունքին հասնելու համար, անհրաժեշտ է, որպեսզի Վաշինգտոնը դադարեցնի Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը:

Wall Street Journal-ի փոխանցմամբ, Սպիտակ տունը Անկարայի նկատմամբ ճնշումը թուլացնելու որոշում է ընդունել: Պատճառը թուրքական տնտեսության խորացող խնդիրներն են և մտավախությունը, որ դրանք կարող են բացասաբար ազդել այլ երկրների զարգացող տնտեսական շուկաների վրա:

Ամերիկացի մի պաշտոնյա էլ թերթին ասել է, թե հոկտեմբեր ամսին կայանալիք դատական նիստից առաջ իրենց մարտավարությունը հանգստություն պահպանելն է, քանի որ թուրքական կողմն ի վերջո գիտակցել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա էլ, հիշեցնելով պաստորի արտահանձման հարցով նախկինում ձախողված բանակցությունները, նշել է, թե դեռ վաղ է տոնել Բրանսոնի ազատ արձակումը: Նրա խոսքերով՝ «Թրամփի նման Էրդողանն էլ հաճախ վերջին պահին փոխում է իր որոշումները»:

Wall Street Journal-ը ուշագրավ հանգամանքի մասին է գրում, թե դեռ հուլիս ամսին ամերիկյան իշխանությունները այնքան վստահ էին, որ հերթական դատական նիստից հետո Բրանսոնը ազատ է արձակվելու, որ ինքնաթիռ էին նախապատրաստել պաստորին Թուրքիայից Գերմանիա տեղափոխելու համար: Սակայն թուրքական դատարանը այլ որոշում կայացրեց:

Այս անգամ Բրանսոնի ազատության համար իրական հույսեր կան: Թուրքիայի նախագահի վարչակազմին մոտ կանգնած փաստաբան Սելման Օղութի համոզմամբ, հաջորդ ամիս սպասվող դատական նիստին Բրանսոնի արդարացումը շատ հավանական է, քանի որ «նրան առաջադրված մեղադրանքները ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու հետ կապ չունեն»:

50-ամյա ամերիկացի բողոքական պաստոր Էնդրյու Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել է երկու տարի առաջ՝ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան պաստորին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ ու կոչ անում Վաշինգտոնին՝ չմիջամտել իր արդարադատության համակարգին: Միացյալ Նահանգներն անհիմն ու կեղծ է որակում այդ մեղադրանքները և պահանջում պաստորին անհապաղ ազատ արձակել: Պաստորի գործի շուրջ երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը օգոստոսի սկզբից վերածվեց տնտեսական պատերազմի: Փոխադարձ պատժամիջոցների արդյունքում թուրքական տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել, ֆինանսական շուկան անկում է ապրում, ազգային արժույթը արժեզրկվում, ապրանքների գները՝ աճում: Այնուհանդերձ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը օրերս Անկարայում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ չնայած բոլոր վայրիվերումների, հավատացած է, որ թուրք-ամերիկյան ռազմավարական գործակցությունը ավելի կխորանա ներդրումների և առևտրի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG