Կիրակի օրը Ռուսաստանի Վլադիմիրի և Խաբարովսկի մարզերում անցկացվել է նահանգապետների ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքները անակնկալ են մատուցել: Համակարգային ընդդիմությունը տպավորիչ հաղթանակ է արձանագրել Խաբարովսկի մարզում և չնչին տարբերությամբ հաղթել է իշխանության թեկնածուին Վլադիմիրի մարզում:
«Ժողովուրդը հոգնել է և փոփոխություն է ուզում», - երեկ հայտարարել է Խաբարովսկի մարզի նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլում գործող նահանգապետին՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Վյաչեսլավ Շպորտին հաղթած՝ Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերգեյ Ֆուրգալը:
Ընդ որում, Ֆուրգալը իշխանությունների թեկնածուին հաղթել է ջախջախիչ տարբերությամբ՝ ստանալով քվեների 70 տոկոսը:
BBC-ին տված հարցազրույցում հաղթած թեկնածուն հայտարարել է, թե նման արդյունքը սպասելի էր՝ մարդիկ փոփոխություններ են ուզում Ռուսաստանում և ուզում են իրենք որոշել, թե ով է ղեկավարելու իրենց մարզը:
Իշխանության թեկնածուն պարտություն է կրել նաև Վլադիմիր մարզում, որտեղ երկրորդ փուլ էին դուրս եկել նորից Լիբերալ դեմոկրատական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների թեկնածուները: Նախնական արդյունքների համաձայն՝ չնչին տարբերությամբ այստեղ նույնպես հաղթում է Լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ Վլադիմիր Սիպյագինը: Սրանք կեսգիշերի տվյալներն են, և հնարավոր է, որ փոփոխություններ լինեն:
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի մի շարք մարզերում անցկացվել են նահանգապետների ընտրություններ, որոնց արդյունքում մի շարք քաղաքներում և մարզերում հաղթել են կոմունիստները:
Ռուսաստանցի փորձագետները նկատում են, որ սա արդեն միտում է՝ ժողովուրդը հոգնել է գործող իշխանություններից և դժգոհ է կենսաթոշակային բարեփոխումներից: Ամենուրեք Ռուսաստանում անցել էին այս հարցով բողոքի երթեր և հավաքներ:
Իհարկե, «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին հաղթում էին կա՛մ կոմունիստները, կա՛մ լիբերալ դեմոկրատները, այսինքն՝ այսպես կոչված համակարգային ընդդիմադիրները, սակայն, ամեն դեպքում, իշխանությունները կորցնում են իրենց դիրքերը, և սա փաստում են նաև սոցիոլոգիական հարցումները: Այլ հարց է, որ թե՛ կոմունիստները և թե՛ հատկապես լիբերալ դեմոկրատները, մեղմ ասած, համագործակցում են Կրեմլի հետ: