Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սպասում էր Երևանի ավագանու ընտրությունների նման արդյունքների։
«Ազատության» հետ զրույցում Միրզոյանն ասաց՝ շփվում էին մարդկանց հետ ու զգում էին նրանց դրական վերաբերմունքն ու վստահությունն իրենց նկատմամբ։
Արարատ Միրզոյան. - Շփվում էինք մարդկանց հետ և բոլորից զգում էինք այդ դրական վերաբերմունքը և վստահությունը, մեզ քաջալերելը, խրախուսանքը։ Մեծ հաշվով, եթե անկեղծ ասեմ, երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ սա յուրօրինակ վստահության հանրաքվե էր, ըստ էության, հեղափոխությանը, հեղափոխության նվաճումներին և արժեքներին։ Եվ, ինչպես տեսնում եք, մեր ժողովուրդը պատվով անցավ այս ճանապարհը։ Մի ուրիշ բան եմ ուզում շատ կարևորել՝ երկու տասնամյակից ավել շատերս պայքարել ենք ընտրատեղամասում՝ յուրաքանչյուր քվեի համար, յուրաքանչյուր մանր ու մեծ ընտրակեղծիքի դեմ և, ի վերջո, այսօր մեր ժողովուրդն ապացուցեց, որ կարող ենք ունենալ ընտրություններ ազատ, արդար, ժողովրդավարական՝ առանց ապօրինի ազդեցությունների։
«Ազատություն». - Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձեզ ուղղեց, ասաց՝ «պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ դրանից էլ տեղ չլինի լավը լինելու»։ Ստացվե՞ց այդ ընտրություններն անցկացնել։
Արարատ Միրզոյան. - Միանշանակ այո՛։
«Ազատություն». - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս ձայներից է կախված լինելու՝ արդյոք ինքը մանդատ ունենալու է՝ բանակցելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ի՞նչ եք կարծում այս ցուցանիշն արդեն իսկ ժողովրդի կողմից տրված է մանդատ Փաշինյանին՝ բանակցելու համար
Արարատ Միրզոյան. - Ես նաև դա նկատի ունեի, երբ ասում էի, որ սա յուրօրինակ վստահության հանրաքվե էր հեղափոխության համար։ Այո, ժողովուրդը մի քանի ամիս հեղափոխությունից անց, իշխանափոխությունից անց վերահաստատեց իր կամքը՝ գնալու էս ճանապարհով և շարունակելու կերտել նոր Հայաստանը։ Դուք խոսում եք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին, իսկապես կասկածից վեր է, որ այդ ընտրությունները պետք է կայանան և դրանք կարևոր պայման են և կարևոր հանգրվան են՝ վերջնական հեղափոխության հաղթանակի համար։
«Ազատություն». - Հիմա էլ հակադարձում են ձեզ, ասում են՝ «չմասնակցողներն էլ դեմ են գնացել ձեզ, և այդ մոտավորապես 56 տոկոսն էլ, որ չեն մասնակցել քվեարկությանը, ըստ էության, կողմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։
Արարատ Միրզոյան. - Անկեղծ ասած սա անհեթեթ մեկնաբանություն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեք 50 տոկոսից ավել չի եղել մասնակցություն, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում մոտավորապես նույն մասնակցության տոկոսն է եղել, բայց ներառյալ երկրում չեղած մարդկանց, կրկնակի քվեարկությունները, հանգուցյալների փոխարեն քվեարկությունները, ընտրակաշառքով և վարչական ռեսուրսներով, ճնշումներով քվեարկությունները, հիմա այդ ամեն ինչը չկա, դրա փոխարեն կա ժողովրդի կամարտահայտություն՝ զերծ որևէ ապօրինի միջամտությունից։
«Ազատություն». - Պարոն Միրզոյան, լսեցի, որ այլ թեկնածուներից են եկել շնորհավորելու, կպատմե՞ք, ովքե՞ր են։
Արարատ Միրզոյան. - Այո, քիչ առաջ մեր նախընտրական շտաբ եկան Արտակ Զեյնալյանը և Դավիթ Խաժակյանը, շնորհավորեցինք միմյանց՝ արդար ընտրություններ ունենալու կապակցությամբ։ Պարոն Զեյնալյանը շնորհավորեց մեզ հաղթանակի կապակցությամբ, նստեցինք, զրուցեցինք, և ես շատ բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանի այս քայլը։
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 81.06 տոկոսը: