Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Հայկ Մարությանին


Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 80 տոկոսից ավելին:

475 ընտրական տեղամասերից 130-ում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 76 հազար 994 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.47 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 6 հազար 249 ընտրող կամ 6.61 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4 հազար 731 քվե կամ 5.01 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից առայժմ միայն ՀՅ Դաշնակցություն, «Երկիր Ծիրանի» և «Օրինաց երկիր» կուսակցություններն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ:

Առաջին երեք տեղերը զբաղեցնող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորում են և Երևանի քաղաքապետի նրանց թեկնածուներն են, համապատասխանաբար, Հայկ Մարությանը, Նաիրա Զոհրաբյանը և Արտակ Զեյնալյանը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG