Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը, որն ստացել է քվեների 80 տոկոսից ավելին:
Բոլոր 475 ընտրական տեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 112 քվե կամ 4.99 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից միայն ՀՅ Դաշնակցություն, «Երկիր Ծիրանի» և «Օրինաց երկիր» կուսակցություններն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ:
Առաջին երեք տեղերը զբաղեցնող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորում են և Երևանի քաղաքապետի նրանց թեկնածուներն են, համապատասխանաբար, Հայկ Մարությանը, Նաիրա Զոհրաբյանը և Արտակ Զեյնալյանը:
Կիրակի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848 հազար 343, 43․65 տոկոսը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը:
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: