Մատչելիության հղումներ

«Ինձ համար, մեր թիմի համար ամենակարևորը մեր Երևանը կառուցելն է». Հայկ Մարության


««Իմ քայլը» դաշինքի դեմ ևս սև փիար իրակացվել է ընտրարշավի օրերին», - այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ առանց հստակեցնելու սակայն, թե ում կողմից։

Մարությանը կեսօրից հետո քվերակեց երևանի Կենտրոնի տեղամասերից մեկում։

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ կոնկրետ մեր ուժի հանդեպ շատ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվել քարոզարշավի ժամանակ», - այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։ - «Բայց ընդհանրապես ընտրաշավը հենց այն է, ինչ տեղի ունեցավ: Ամբողջ աշխարհում դա է, ուղղակի մենք սովոր չենք դրան: Կհիշե՞ք մեր մոտ ոնց էր անցնում ընտրությունները․․․ ընտրարշավը հանգիստ, հանդարտ, ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ ա: Վերջանում էր ընտրությունները, նոր սկսվում էր հետընտրական պրոցեսը: Էստեղ ամեն ինչ հակառակը տեղի ունեցավ, ինչպես և տեղի է ունենում ամբողջ աշխարհում»:շ

Քաղաքապետի մրցակից 11 թեկնածուների կողմից ընտրարշավի ընթացքում ամենաշատը քննադատված ու մեղադրանքների արժանացած թեկնածուն այսօր արձագանքեց պնդումներին, թե այն ձայները որ ստանալու է, ոչ թե իրեն են տրվելու, այլ Փաշինյանին․ - «Քաղաքականությունը դա թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին»:

Լրագրողների հարցին, թե ընտրություններին վարչապետի այս չափ մասնակցությունը վարչական լծակների օգտագործո՞ւմ չէ, Մարությանը պատասխանեց. - «Ես ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին, և դա իր որոշելիքն է՝ ինչքանով կմասնակցի, ինչքանով՝ ոչ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի աթոռի համար պայքարող դերասան, պրոդյուսեր Մարուքյանը քարոզարշավին հետադարձ հայացք ուղղելով, նշում է, թե որևէ հարցում «Իմ քայլը» դաշինքի թիմն ու ավագանու թեկնածուները չեն հատել թույլատրելիի սահմանները․ - «Ոչ մի հարցում»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք արդար է, որ վարչապետ Փաշինյանը քարոզարշավին հայտարարել է՝ ձայն տալով «Իմ քայլը» դաշինքին, այո եք ասում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քվեարկում հեղափոխության ուժի օգտին, և ի՞նչ կապ ունի այդ ամենը ավագանու ընտրությունների հետ, Մարությանն արձագանքեց․ - «Հեղափոխությունից հետ, ժողովրդի հաղթանակից հետո երկրում իրավիճակ է փոխվել: Սա առաջին ընտրություններն են ժողովրդի հաղթանակից հետո, որոնք կարձանագրեն իրական պատկերը, այլ ոչ այն պատկերը, որը հիմա կա Ազգային ժողովում»:

Մարությանը ընտրատեղասի առջև զրույցում համառորեն հրաժարվեց նշել, թե Երևանի ավելի քան 450 ընտրատեղամասերում որքան քվե է կանխատեսում ստանալ՝ ավելացնելով, սակյան, որ անկախ արդյունքներից սեպտեմբերի 23-ը ուրախ է օր է Հայաստանի պատմության համար․ - «Տասնյակ տարիներ սպասել ենք այս օրվան: Այսօր ամբողջ Հայաստանն է ուրախ և երջանիկ, որ գնում են արդար և թափանցիկ ընտրությունների»:

ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավագանու ընտրություններից մի քիչ շեղեց։ «Եթե խոսում ենք, որ վարչական լծակներ չպետք է օգտագործվեն, արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին», - ասաց Մանուկյանը։

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե «բավարար թվով ձայներ չհավաքելու դեպքում պատրա՞ստ են կոալիցիա կազմել այն ուժերի հետ, որոնց ամբողջ քարոզարշավի ժամանակ սևացրեցին», Մարությանը պատասխանեց. - «Ուժերին սևացնելով»... այդպիսի բան չի եղել։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատի աշխատանքի։ Ինձ համար անձամբ և մեր թիմի համար ամենակարևորը մեր Երևանը կառուցելն է և դարձնելը մեր երազանքների քաղաք, թե ինչ ճանապարհներով կլինի, դա կարևոր չի, այն առումով, որ մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, և բոլորի լավ մտքերը, պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք այդ ճանապարհին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG