Մատչելիության հղումներ

«Այս ընտրությունն այս իշխանությունների քննությունն է». Զարուհի Փոստանջյան


Այս ընտրությունն այս իշխանությունների քննությունն է, այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

«Սա այս իշխանությունների քննություն է, այլ ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ։ Իշխանությունը ստանձնողները հենց դա են պարտավորվել, հետևաբար մենք սպասում ենք, թե ինչպես է անցնելու քննությունն իշխանությունը, որովհետև իր ձեռքում են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծարարությունը և ապօրինությունները», - «Ազատության» դիտարկմանը, թե այս ընտրություններին ինքն ավելի պասիվ է և չի շրջում ընտրատեղամասերով, այսպես արձագանքեց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Իհարկե հանրությունն ինքն էլ պետք է մասնակիցը լինի այդ կանխմանը, չպետք է մասնակցի ապօրինություններին՝ չվերցնի ընտրակաշառք, չբաժանի ընտրակաշառք, բայց եթե նույնիսկ լինեն նման դեպքեր, ապա դրա կանխարգելիչ գործիքը գտնվում է գործող իշխանության ձեռքին, հետևաբար սա իրենց քննությունն է»։

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Փոստանջյանն այն համարեց և՛ արդյունավետ, և՛ ոչ անարդյունավետ։

«Քարոզարշավը կարող ենք համարել արդյունավետ և ոչ արդյունավետ։ Կարող էինք ներկայացնել, թե ինչպես են մեր ազգային պատկերացումները Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին և բավական զգալի մաս դրան տրամադրվեց, իսկ մենք խնդիր ունենք այսօր և՛ ազգային միասնության, և՛ ազգային բոլոր ուժերի կոնսոլիդացիայի, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Երևանը փորձադաշտ չէ, որպեսզի մենք չափենք ուժերն այդ տեսանկյունից՝ միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից։ Հետևաբար բոլորս պետք է լծվենք, որպեսզի դուրս բերենք մայրաքաղաքն այս անմխիթար վիճակից և մեր ազգային իղձերն ի կատար ածենք», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Երևանը չի հարցնում ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ ծեր, ո՛չ մանուկ, ո՛չ կուսակցության ներկայացուցիչ, ո՛չ սև, ո՛չ սպիտակ, պետք է լուծվեն Երևանի խնդիրները»։

«Երկիր Ծիրանի»-ի թեկնածուն նշեց՝ ով էլ ընտրվի, իրենք կշնորհավորեն ու կպահանջեն լիազորությունների շրջանակում ծրագրերի իրականացում։

«Մենք պահանջատեր պետք է լինենք։ Մենք իրենց լիազորում ենք՝ վերցնում ենք աշխատանքի և ցանկանում ենք, որպեսզի մեզ մատուցեն որակյալ ծառայություններ», - ասաց Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG