Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում քվեարկության համար կազմակերպվել է 475 ընտրական տեղամաս: Ինչպես առավոտյան լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների 4 հազար 722 անդամներից չեն ներկայացել 31-ը: Բոլոր հանձնաժողովներում քվորումն ապահովված է, դրանք աշխատում են ամբողջական ռեժիմով, կազմակերպված է պատշաճ քվեարկություն, ասաց ԿԸՀ նախագահը:
Այս ընտրություններում ևս գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր 1380 սարքավորումները գործարկվել են, նկատված խնդիրները շտկվում են, նշեց Մուկուչյանը:
Ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ 11 օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 լրատվամիջոց՝ 620 ներկայացուցչով, և 5 օտարերկրյա լրատվամիջոց՝ 10 ներկայացուցչով:
Տիգրան Մուկուչյանը ասաց նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամ պարբերականությամբ կտեղեկացնի ընտրությունների քվեարկությանը մասնակցության վերաբերյալ: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, որոնք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս:
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 12 քաղաքական ուժ, ըստ այբբենական կարգի՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:
Ոստիկանության հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրողների թիվը 848 հազար 343 է:
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: