Իր ելույթում վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ երկրում պետք է տեղի ունենան կառուցվածքային փոփոխություններ․ - «Մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այդ բարեփոխումները պետք է լինեն թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու»:
Վարչապետը առանձնակի ուշադրություն դարձրեց հակակոռուպցիոն պայքարին, հիշեցրեց, որ իր ղեկավարած իշխանությունը արտաքին կուրսում շեշտակի փոփոխություններ չի անելու, հատուկ շեշտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը․ - «Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, մեր գխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով: Մենք մտադիր ենք է՛լ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք նաև զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ»:
Միջոցառման ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետև Բաղրամյան 26-ի դարպասները բաց են լինելու ժողովրդի առջև, և անմիջապես բացվեց դարպասն ու մուտքի մոտ հավաքված մարդիկ ներս մտան:
Սա աննախադեպ մի բան է․ երկու տասնամյակից ավելի այս շենքի առջև բողոքի ցույցեր են եղել, իսկ այժմ հայաստանցիներն անարգել մուտք են գործում Բաղրամյանի 26-ի տարածքը, շրջում բակում, հանգստանում կանաչ տարածքում: