ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Խաչատուրովի կոչը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։
Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունն ավելի է սրում իրավիճակը և ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի հաղորդումը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած՝ Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանին սպառնացող վտանգի աճը թույլ չտալու համար»,- նշված է Յուրի Խաչատուրովի հայտարարության մեջ։