Մատչելիության հղումներ

Հեղափոխությունից հետո առաջին քարոզարշավն անհամեմատալի է նախկին ընտրությունների հետ․ Զեյնալյան


«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ հեղափոխությունից հետո առաջին նախընտրական պայքարն անհամեմատելի է մինչև այդ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ:

Քարոզարշավի վերջին օրը «Ազատության» հետ զրույցում Արտակ Զեյնալյանն ամփոփեց իր արձանագրածը․ - «Վարչական ռեսուրսը չի աշխատում, լրատվամիջոցները նախկինի նման շատ կողմնակալություն չեն անում, ուսուցիչները չեն մասնակցում, ոստիկանությունը, պետական ապարատը, համակարգը, ժեկերը, թաղային հեղինակությունները չեն մասնակցում, ընտրակաշառքի դեպքեր չենք արձանագրել, չկա մթնոլորտ ցուցակագրումների և գումարի սպասումի»:

Մայրաքաղաքի համայնքներում 12 օր շրջած Արդարադատության նախարարը մի կարեւոր ձեռքբերում էլ է նկատել․ ընտրողը գիտակցում է սեփական քվեի արժեքը․ - «Մարդկանց մեջ տեսնում եմ հավատ, վստահություն, որ իրենք որոշող են, իրենք են նշանակումը իրականացնելու Երևանի ավագանու անդամների և քաղաքապետի: Հենց դա է, որ ասում եմ արդեն իսկ ձեռքբերում է: Չափազանց կարևոր է՝ մենք ունենք արդեն քաղաքացի»:

Քաղաքապետի թեկնածուն հեղափոխությամբ ձեռք բերված արժեքների շարունակություն կհամարի նաև իր հաղթանակը: Համամիտ է իր թիմակից «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի այն դիրքորոշման հետ, որ ժողովրդավարության ցուցանիշն իր հաղթանակը կլինի․ - «Բարձրագույն իշխանության կողմից հովանավորվող թեկնածուի չընտրվելու դեպքում որևէ մեկը չի կասկածի դրա արդարացիությանը և օրինականությանը և հեղափոխական գաղափարների հաղթանակին: Սրա մասին է խոսքը: Ոչ թե, որ եթե Արտակ Զեյնալյանը չընտրվի, ապա չենք հավատա դրա արդյունքներին: Ոչ: Նկատի ունի, որ եթե հովանավորությունը վայելող թեկնածուն չընտրվի, այլ ընտրվի մեկ այլ, դա կխոսի այն մասին, որ արդեն հեղափոխությունը իր պտուղները տվել է»:

Արտակ Զեյնալյանը դեմ է ընտրողների միջև խտրականությանը: Նա ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ նախկին իշխանության՝ Հանրապետականի ներկայացուցիչները իրեն դիտարկել են Հայկ Մարությանին այլընտրանք:

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլորն էլ նույն Երևանի բնակիչներն են․ - «Մենք դեմ ենք խտրականության ցանկացած ձևին: Մենք մարդկանց չենք հետապնդելու, չենք հալածելու, չենք տարբերակելու ըստ կուսակցական հայացքների: Եվ երևանցին մեր համայնքի բնակիչն է: Մարդիկ ունեն քաղաքական հայացքներ, դիրքորոշում, քաղաքական կամք, ընտրական ձևավորված կամք: Ում օգտին ուզում են, քվեարկում են»:

Փոխարենը Զեյնալյանը դեմ է քաղաքապետի ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նույնացմանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ ընտրելով Հայկ Մարությանին՝ քաղաքացիները իրենց վստահությունն են հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց․ - ««Լույս» դաշինքի համոզմունքն է սա, որ պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ Երևան քաղաքի ավագուն ու քաղաքապետի ընտրությունները կառավարության վստահության հանրաքվեի չի կարելի վերածել»:

«Լույս» դաշինքի թեկնածուն սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է հաղթելու համոզմունքով․ - «Ես ընտրվելու եմ Երևանի քաղաքապետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG