Մատչելիության հղումներ

Հանրության մի մասը օբյեկտիվ գնահատելու ունակություն չունի․ Արարատ Զուրաբյան


Արարատ Զուրաբյան, 21-ը սեպտեմբերի, 2018 թ․
Արարատ Զուրաբյան, 21-ը սեպտեմբերի, 2018 թ․

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող՝ «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, ամփոփելով քարոզարշավը, նկատում է՝ ընտրական գործընթացը շեղվել էր իր բուն նպատակից՝ հասնելով դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ և հաջորդող քաղաքական գործընթացներ:

«Այդ պրոցեսները, իհարկե, մեծ ազդեություն են ունենալու Հայաստանի ապագայի վրա։ Բայց այսօր Երևանի քաղաքապետի ընտրություններ են: Բազմաթիվ թեկնածուներ մասնակցում են այս ընտրություններին՝ զուտ փորձարկելու իրենց հնարավորությունները ապագա ընտրություններում՝ պատկերացնելու, թե ինչ ձևաչափեր կարող են ստեղծվել: Բայց կան նաև մարդիկ, այդ թվում ես, որոնք համոզված են, որ այսօրվա պրոցեսը դա այսօրվա պրոցեսն է, այն վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրությանը և պետք է կենտրոնանալ սրա վրա, իսկ հետագա պրոցեսներն ամեն ինչ իր ժամանակին է տեղի ունենալու»,- այսօր հայտարարեց Զուրաբյանը։

Հարցին՝ արդյո՞ք հավասար պայմաններ էին ստեղծվել ավագանու ընտրությունների քարոզարշավի համար, նա պատասխանեց՝ 30 տարի լինելով քաղաքականության մեջ, շատ քիչ է տեսել հավասար պայմաններ: «Եթե խոսում ենք հավասար էր, թե հավասար չէր․․․ հիմա միգուցե հավասար էր։ Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը մրցակցության մեջ էր բոլոր թեկնածուների հետ»,- ասաց «Երևանցիների» քաղաքապետի թեկնածուն:

Արարատ Զուրաբյանը, որը 1996-2002 թվականներին եղել է Երևանի «Կենտրոն» համայնքի ղեկավարը, նաև նկատում է՝ քարոզարշավն առանձնահատուկ էր նրանով, որ այն տեղի ունեցավ հետհեղափոխական ժամանակահատվածում, և առկա էին նոր երանգներ․ «Մի բան շատ դրական է, որ մեր հանրությունը ներքին համոզում և ցանկություն ունի, որ այս ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների։ Եվ ես կարծում եմ, որ շատ մոտ ենք նրան, որ այդ ձեռքբերումը մենք արձանագրենք»։

Զուրաբյանը կարևորեց հանգամանքը, որ այս ընտրությունների քարոզարշավում չկար թշնամական մթնոլորտ: «Ես տեսա շատ դրական և բացասական բաներ։ Դրականն այն էր, որ չկար թշնամական մթնոլորտ, չկային այն մարդիկ, որոնց սովորաբար մենք ընտրությունների ժամանակ մշտապես տեսել ենք, որ վազվզում էին այս շենքից մյուս շենքը, այս բակից մյուս բակը, որպեսզի եռուն գործունեություն ծավալեն ընտրախախտումների ապագա գործընթացը կազմակերպելու համար։ Չկային շատ նեգատիվ երևույթներ, բայց կար մի բան՝ հասարակության մի մասի մոտ օբյեկտիվ գնահատականներ տալու ունակության լիակատար բացակայություն եմ ես տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG